«Ոսկու շուկայի» աշխատակից Նելլի Հարությունյանի անհետացման դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է

«Ոսկու շուկայի» աշխատակից Նելլի Հարությունյանի անհետացման դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ քրեական գործի վարույթը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության պատճառով:

2015թ. օգոստոսի 21-ին Նելլի Հարությունյանի ամուսինը հաղորդում էր տվել, որ կինը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, դուրս է եկել Երևանում գործող «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որևէ տեղեկություն չկա:

Նախ դեպքի առթիվ  քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքասպանության հասցնելը: Ապա քննության արդյունքները քննարկվել են, և արարքը վերաորակվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն:

Նոյեմբերի 2-ին Նելլի Հարությունյանը ներկայացել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա` նախաքննական մարմին: Ըստ քննչական կոմիտեի՝ Նելլի Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է և հայտնել է, որ ընտանիքում ստեղծված իրավիճակի պատճառով որոշել է խզել ամուսնու հետ ունեցած կապերը և 2015թ. օգոսոտոսի 21-ին՝ աշխատանքն ավարտելուց հետո, պատահական տաքսի ավտոմեքենայով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և մինչև 2015թ. նոյեմբերի 02-ը բնակվել գյուղերից մեկում՝ չհայտնելով կոնկրետ որ գյուղում է մնացել: Հաղորդաշարերից տեղեկացել է, որ իր անհետ կորելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել և որոշել է վերադառնալ:

Տեսանյութեր

Լրահոս