Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում յուրացումներ կատարելու գործը դատարանում է

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում յուրացումներ կատարելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մի քանի հոգու, որոնցից մեկը «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Գայանե Մարգարյանն է:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2001թ. ապրիլի 17-ից զբաղեցնելով «Բյուրեղավան քաղաքի թիվ 4 գիշերօթիկ դպրոց» ՀՄ-ի տնօրենի, իսկ 2007թ. հոկտեմբերի 01-ից մինչև 2014թ. մայիսի 2-ը շարունակելով զբաղեցնել նույն դպրոցի իրավահաջորդ «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու միասնական հանցավոր մտադրությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2004-2014թթ. ընթացքում պարբերաբար, առանց աշխատանքի ընդունելու մտադրության` շահադիտական նպատակով, կազմել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող, իսկ 2007թ. սեպտեմբերից կազմակերպության կադրերի գծով տեսուչ Արաքս Հովսեփյանին է հանձնարարել կազմել հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող ընդհանուր 16 անձի հետ աշխատանքային կեղծ պայմանագրեր, անձամբ հաստատել է կեղծ պայմանագրերը, հրամանագրել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող 16 անձ, որից հետո Արաքս Հովսեփյանին հանձնարարել է աշխատանքի չհաճախող այդ անձանց տվյալները ներառելով՝ կազմել աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկագրեր, իր ստորագրությամբ հաստատել է Արաքս Հովսեփյանի օժանդակությամբ կազմված, Փառանձեմ Մարտիրոսյանի օժանդակությամբ կազմել է աշխատավարձի հաշվարկի պաշտոնեական կեղծ փաստաթղթեր, հաշվարկել և պետական բյուջեից ՊՈԱԿ փոխանցված գումարներից վերոհիշյալ անձանց անուններով ելքագրել է իրեն վստահված 36.370.595 դրամ գումար, որից 11.669.023 դրամը ելքարել և յուրացրել է կազմակերպության գլխավոր հաշվապահ Փառանձեմ Մարտիրոսյանի հետ նախնական համաձայնությամբ, իսկ 4.190.572 դրամը յուրացրել է անձամբ` այդ կերպ Փառանձեմ Մարտիրոսյանի հետ նախնական համաձայնությամբ ու օժանդակությամբ, ինչպես նաև Արաքս Հովսեփյանի օժանդակությամբ յուրացնելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով` 15.859.595 դրամ գումարը»:

Փառանձեմ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 1977թ. նոյեմբերի 21-ից աշխատելով «Բյուրեղավան քաղաքի թիվ 4 գիշերօթիկ դպրոց» ՀՄ-ի ավագ հաշվապահ, իսկ 2007թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2014թ. նոյեմբերի 18-ը շարունակելով զբաղեցնել նույն դպրոցի իրավահաջորդ` «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնը, 2004-2014թթ. ընթացքում հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանի հետ նախնական համաձայնությամբ` առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու միասնական հանցավոր մտադրությամբ, իր ընտանիքի անդամներ Հասմիկ Սարգսյանի, Յուրիկ Վիրաբյանի և Դիաննա Դադայան անուններով անձամբ, Գայանե Մարգարյանի միջոցով, իսկ 2007թ. սեպտեմբերից` հաստատության կադրերի գծով տեսուչ Արաքս Հովսեփյանի օժանդակությամբ, կազմել է աշխատանքային կեղծ պայմանագրեր, իր հարազատները ՊՈԱԿ-ում հրամանագրվել են տարբեր հաստիքների, սակայն աշխատանքի չեն հաճախել, որից հետո ամեն ամիս աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկագրերում Արաքս Հովսեփյանի օժանդակությամբ ներառել է նրանց հաճախումների վերաբերյալ կեղծ տեղեկություններ, որի հիման վրա էլ հաշվարկել և պետական միջոցներից իրենց վստահված գումարներից ելքագրել ու Գայանե Մարգարյանի հետ նախնական համաձայնությամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերի` 11.669.023 դրամ գումար»:

Կարդացեք նաև

Արաքս Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2007թ. սեպտեմբերի 1-ից աշխատելով «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում՝ որպես կադրերի գծով տեսուչ, 2007-2014թթ. ընթացքում օժանդակել է հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանին ու ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Փառանձեմ Մարտիրոսյանին նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի յուրացում, ինչպես նաև Գայանե Մարգարյանին` պաշտոնեական կեղծիք կատարելուն»:

Այս քրեական գործի շրջանակներում մեղադրանք չի առաջադրվել երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Հաստատության աշխատակիցներն առաջինն էին նամակով բարձրաձայնել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ այդ թվում՝ նշելով, որ բռնություն է գործադրվում երեխաների նկատմամբ: Քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Հովհաննես Ավագյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս