Հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններում անգամ փոքր խոչընդոտներն ենք փորձում վերացնել. Վաչե Գաբրիելյան

«ԱՄՆ-ՀՀ շրջանակային համաձայնագրի տված արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման նախարար Վաչե Գաբրիելյանը հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի բացման արարողության շրջանակում:

Խոսելով կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի մասին, նա նշեց, որ համաձայնագրի վերաբերյալ քննարկումներ են տեղի ունենալու, քանի որ դա հայկական կողմի բարձրացրած հարցերի ցանկում է:

Նա տեղեկացրեց, որ ամերիկյան կողմն առաջարկում է կոնկրետ մակարդակով քննարկել, որը ՀՀ-ն անում է, կոնկրետ հոդվածներով, դեպքերով, որը հնարավորություն կտա առաջ տանել այս հարցը:

«Դրա վերաբերյալ կունենանք ավելի դետալացված խոսակցություն: Ամերիկյան կողմն առաջարկում է քննարկել եղած մի քանի ավելի լայն համաձայնագրերի շրջանակներում այդ հարցը կարգավորելու խնդիրը: Տեխնիկական մակարդակի քննարկումներ ենք իրականացնում՝ հասկանալու համար` արդյոք իրական ներդրումներին խանգարող հանգամանքներ կան, որպեսզի արագացված տեմպերով դրան գնանք, թե՞ կարելի է իրական ներդրումներին խանգարող հանգամանքներ այդտեղ չտեսնել և այլ իրավական ռեժիմներով կարգավորել:

Խոսքը չի գնում ներդրումները խաթարելու մասին, խոսքն այն մասին է, թե ներդրումներին խաթարող հանգամանքներին ինչպիսի լուծումներ կարող ենք տալ»,- ասաց Գաբրիելյանը: Վերջինս պարզաբանեց, թե ինչու է կարևոր համաձայնագիրը: Ըստ նրա, կրկնակի հարկման համաձայնագիրն առևտրաշրջանառության վրա այնքան չի անդրադառնա, որքան ներդրումների, քանի որ որոշ դեպքերում կարող է դյուրացնել այդ գործընթացը:

Սակայն, նրա որակմամբ, ամեն դեպքում այդ համաձայնագրի բացակայությունը վճռորոշ գործոն չէ:

« Այս պահին մեր խնդիրն այն չէ, որ կրկնակի հարկման բացակայությունը ՀՀ-ում խոշոր ներդրում է կանգնեցրել: Այս տեսակետից մինչև հիմա դրա հետաձգման պատճառն այն է, որ դա էական գործոն չի եղել: Հիմա մենք ուզում ենք անգամ փոքր գործոնները վերացնել: Սա է մեր խնդիրը»,- ասաց փոխվարչապետը: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀ-ում ամերիկյան ներդրումների պակասը, Գաբրիելյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է ՀՀ շուկայի փոքրությամբ:

«Խոշորագույն ներդրումը Կոնտուր Գլոբալն է և դա ամերիկյան կողմի ներդրումն է»,- ասաց նա:

Անդրադառնալով կնքված շրջանակային համաձայնագրի օգուտներին, փոխվարչապետը նշեց, որ դրանով նախատեսվող խորհրդի առաջին նիստը տեղի ունեցավ երկու օր առաջ:

«Մենք ստեղծեցինք աշխատանքային խմբեր, որոնք զբաղվում են, առաջին նիստով չի կարող շոշափելի արդյուք լինել, քանի որ առաջին նիստը պարզապես ընդգծում է շրջանակները, որի ներքո աշխատելու են: Բայց պետք է ասեմ, որ առևտրի բոլոր ուղղություններով՝ մտավոր սեփականության, ստանդարտների, սանիտարական և այլն, ստեղծվել են ուղղություններ, որոնց շուրջ աշխատելու ենք»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:

Տեսանյութեր

Լրահոս