Իսրայել Սարգսյանը փակագծեր է բացում. Ի՞նչ կապ ունի ծիրանի ծառից կախված հայտնաբերված գնդապետը Թևոսիկի եղբոր սպանության գործի հետ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը:

Այսօր դատարանում հարցաքննվեցին գործով երկու վկաներ: Նրանցից մեկը ճանաչում էր Մովսես Ներսիսյանին (Մոսոյին): Ըստ վկայի՝ կարճ ժամանակ է շփվել Մովսես Ներսիսյանի հետ, նրա հետ ունեցել է գործնական հարաբարերություններ, կատարվածի մասին իմացել է հեռուստատեսությունից:

Մյուս վկան էլ սպանված Արթուր Սաֆարյանի հարևանությամբ էր բնակվել: Կինը նշեց, որ ինքը ոչինչ չի տեսել. «Ես ուղղակի կրակոցի ձայն եմ լսել և վերջ»: Ինքը հարցրել է, թե ինչ է պատահել, ասել են, որ «Արթուրին կրակել են»:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ցանկանում է փակագծեր բացել: Նա նշեց, որ արդեն 9 ամիս է՝ ընթանում է այս գործով դատավարությունը, քննիչը դատակոչի ցանկում ներառել է 87 վկա, ովքեր գալիս են, ասում՝ ոչ տեսել ենք, ոչ լսել ենք: Նա նշեց, որ այդ ամիսների ընթացքում լսվել է մոտավորապես վկաների կեսը: «Երևի մի 9 ամիս էլ վկաներին կլսենք, հետո գալիս է իրեղեն ապացույցների փուլը, մի 6 ամիս էլ իրեղեն ապացույցների փուլը կլինի»,- ասաց ամաստանյալը՝ նշելով, որ արհեստական ձգձգումների նպատակը դատական պրոցեսը երկարացնելն է:

Կարդացեք նաև

Իսրայել Սարգսյանն ասաց, որ կան շատ կարևոր վկաներ, որոնցից մեկն, ըստ նրա, տաքսու վարորդն է եղել. «Ինձ իբր աէրոպորտից բերել է այստեղ: Ինքը այստեղ չի երևում, չգիտեմ՝ ինչու, չկա, ո՞ւմ ենք սպասում, ինչի՞ համար ենք սպասում, չեմ հասկանում»:

Նրա խոսքով՝ վկաների ցանկում է նաև Էդգար Միքայելյանը, ով իրեն հարազատ մարդ է եղել, պաշտպանության նախարարության սպա՝ գնդապետ. «Ինքը եղել է և´ հոգեպես, և´ ֆիզիկապես շատ ամուր տղա, և ինչ-որ անհասկանալի հանգամանքներում իրեն գտնում են իրենց տան բակում՝ կախված ծիրանի ծառի վրայից: Չեմ հասկանում՝ ինչու, ում է սա պետք: Մինչև հիմա ոչ ոք չի կարողանում ասի, թե ինչի համար այդ մարդը կախվեց: Ինքը ոչ մի անձնական խնդիրներ չի ունեցել ոչ մեկի հետ:

Միակ խնդիրը, որ եղել է, իմ կարծիքով, այս դատական պրոցեսի պահով է եղել, որովհետև իրեն ձերբակալել էին ազգային անվտանգության աշխատողները, պահել էին ԿԳԲ-ի մեկուսարանում զուտ մի բանի համար, որ ես իրեն զանգել եմ և իրենից ինչ-որ բան եմ հարցրել: Եվ ին՞չ եմ հարցրել. հարցրել եմ, թե տվյալ՝ Զովունի գյուղի կողքը գտնվող դաշտում՝ այդ կոլոդեցը ինչ ձևի կոլոդեց է և որ այդ կոլոդեցում մարդ գցեմ ի՞նչ կլինի: Բնական է՝ այդպիսի խոսակցություն մեր մեջ չի եղել: Կգա այդ ժամանակը, բոլորը կհասկանան, թե մեր մեջ ինչ խոսակցություն է եղել:

Եվ քննիչը իրեն սպիտել է, ասել է, որ դու այդ ցուցմունքը պիտի տաս, որ Իսոն զանգել է քեզ ու ասել է՝ այդ կոլոդեցի մեջ որ մարդ գցեմ, ինչ կլինի: Բնական է՝ ճնշում է գործադրվել, և Էդգարը, բնական է, չի ընդունել այդ ճնշումը և դատախազին բողոք է գրել, որ այսպիսի ճնշում է կատարվում իմ հանդեպ և ստիպում են, որ ես այդ ձևի ցուցմունք տամ, քանի որ դա գոյություն չունի: Եվ այդ խոսակցության ժամանակ դաժե քննիչը հեռախոսը վերցրել է, ինչ-որ համար է ցույց տվել Էդգարին, և ասել է՝ Էդգար տես, սա առաջինի համարն է, եթե դու հիմա այդ ձևի ցուցմունք տաս, ես հենց հիմա քո մոտ կզանգեմ առաջինին և կասեմ, որ դու Իսոյի վրա տենց ցուցմունք ես տվել, քեզ կազատենք, կգնաս տուն: Ու այդպիսի տարբեր բաներ շատ են եղել»:

Իսրայել Սարգսյանը նաև միջնորդեց մի քանի վկաների հրավիրել դատարան. ըստ նրա՝ նրանք կարևոր վկաներ են, սակայն քննիչի կողմից չեն ներառվել դատակոչի ցանկում: Խոսքը ոստիկանության թվով 4 աշխատողների մասին են: Մյուն վկան, ըստ ամբաստանյալի, նախկինում աշխատել է ոստիկանությունում, այժմ տեղյակ չէ՝ նա այնտեղ է աշխատո՞ւմ, թե՞ ոչ:

Ամբաստանյալի միջնորդած վկաներից մեկն էլ կին էր: «Ես, ճիշտն ասած, մտածում էի՝ այս միջնորդությունը կատարվի ընդհանուր վկաների պրոցեսը վերջանալուց հետո, բայց այսօր ես արդեն անհանգստանում եմ, որովհետև Էդգարի նման տղան է այսօր կախվում, որ ինքն այդպիսի բան կյանքում չէր կարող անել: Ես մտածում եմ, որ կարող է այս վկաներից էլ ինչ-որ մարդիկ կորեն, կախվեն կամ չեմ իմանում՝ ինչ լինեն: Ինձ պետք են, որ այս վկաները շուտ գան, որովհետև Էդգարի նման անձնավորությունը, հարգելի դատարան, ինձ այստեղ շատ էր պետք: Ես իրեն շատ կարևոր հարցեր ունեի տալու, ու այստեղ մարդիկ, շատերը կհասկանային, թե իրականությունում ինչ է կատարվել»:

Իսրայել Սարգսյանն ասաց, որ իրեն ոչ մի անգամ մեղավոր չի ճանաչել ու «կյանքում մեղավոր չի ճանաչի, որովհետև Արթուր Սաֆարյանը եղել է ինձ ընկեր, ես կյանքում էդ քայլն իր հանդեպ չէի անի»: Նա նշեց, որ երբ իրեն ձերբակալել են, տարել են ոստիկանություն, որտեղ սպաներն իրեն հարցեր տալիս չեն ստացել իրենց հարցերի պատասխանները.

«Այդ ժամանակ ինձ մի քանի սպաներ մոտեցան, բարձրաստիճան իմիջիայլոց, ու այդ սպաներից մեկն ինձ ասաց՝ Գոռ Վարդանյանի հետ կինո՞ ես նկարում, արա, դե տես քո վրա ինչ կինո եմ նկարելու: Ոչ թե կինո են նկարում, հարգելի դատարան, կինոսերիալ են նկարում: Ինչո՞ւմն է խնդիրը, ինչո՞ւ մենք առաջ չենք գնում, ի՞նչ վկաների մասին է խոսքը: Ամենակարևոր վաները չեն գալիս, տարբեր տարիքի մարդիկ են գալիս, որ վկայի կարգավիճակ էլ չի կարելի ասել: Կամ ինչո՞ւ մենք չենք մտնում իրեղեն ապացույցների փուլ: Չէ՞ որ քրեական գործում իրեղեն ապացույցների փուլն է ամենակարևորը: Իրեղեն ապացույցներով է ապացուցվում տվյալ ամբաստանյալը մեղավո՞ր է, թե՞՝ ոչ: Վկան կարող է այստեղ գալ, սուտ ցուցմունք տալ: Բայց իրեղեն ապացույցներով մարդիկ պիտի ապացուցեն՝ ճի՞շտ է, որ ինքը մեղավոր է, թե չէ: Ինչո՞ւ մենք չենք մտնում իրեղեն ապացույցների փուլ, հարգելի մեղադրող կողմ, ես Ձեզ եմ այդ հարցը տալիս: Ինչի՞ց ենք խուսափում, ի՞նչ խնդիր ունենք: Ես ուզում եմ մտնենք այդ իրեղեն ապացույցների փուլը, որ հանրությունից բռնած դատավորից վերջացրած մարդիկ հասկանան, թե ինչ կարգի է իմ գլխին սարքվել, ու ես այսօր այստեղ եմ գտնվում»:

Դատավորը նշեց, որ ժամանակի առումով ամբաստանյալի մտահոգությունը տեղին է, սակայն որևէ մեկը նպատակ չունի ձգձգելու կամ վկաների ներկայությունը չապահովելու: Ամբաստանյալն էլ արձագանքեց, որ երկու ամիս է՝ նիստ չի լինում. «Այս վկաներին բերման ենթարկելը ինչն է խնդիրը, ինչն է խնդիրը, ես չեմ հասկանում: Չե՞ն գալիս, վերցրեք, հրապարակեք իրենց տված ցուցմունքները, մոտներդ դրած է, սաղ հրապարակեք, դեռ 57 վկա ունենք, այդ 57 վկան մեկ տարի հազիվ քաշի: Ես չեմ ուզում ուրիշի տեղն այստեղ նստել, հարգելի դատարան: Ես ինձ մեղավոր չեմ գտնում: Ես այստեղ պիտի չլինեի»:

Դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 1-ին:

Տեսանյութեր

Լրահոս