«Հնարավոր է՝ Լևոն Մարտիրոսյանն իր մտածելակերպը կամ բառերը ոչ ճիշտ է շարադրել». Հովհաննես Սահակյան
«Վերջին հայտարարությունը մեր խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանի կողմից, ընդամենը կարող է՝ իր մտածելակերպի կամ բառերի ոչ ճիշտ շարադրումն է եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Հիշեցնենք, որ օրերս ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ հղում կատարելով իր հավաստի աղբյուրներին, վերլուծական հրապարակման մեջ գրել էր, թե ներկայումս քննարկվում է, որ Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնելու տարածքների մեծ մասի վերահսկողությունը՝ պահելով Լաչինի միջանցքը, որն ապահովում է Հայաստանի հետ կապը, և հնարավոր է` ևս մեկը։ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ հայտարարել էր, թե չի բացառվում, որ կգա մի պահ, երբ ԼՂՀ ազատագրված որոշ տարածքներ կոմպրոմիսային լուծման շրջանակներում կհանձնվեն Ադրբեջանին:
«Վստահ եմ՝ որևէ հայի համար Ղարաբաղի հողերի հանձնման խնդիրը, այնպես չէ, որ ասեցինք ու տվեցինք, հանձնեցինք: Պատգամավորներն էլ են մարդիկ, կարող են ոչ ճիշտ շարադրել իրենց մտքերը»,- նկատեց Հ. Սահակյանը: