Փարիզյան ահաբեկչությունների ժամանակագրությունը
Փարիզի բնակիչների ու քաղաքի հյուրերի վրա հարձակումների մասին առաջին հաղորդագրությունները սկսեցին տարածվել Փարիզի ժամանակով ժ. 22.12-ին (Երևանի ժամանակով՝ ժ 01.12-ին):
Ֆրանսիական լրատվամիջոցները սկսեցին տեղեկություններ հաղորդել միանգամից մի քանի շրջաններում տեղի ունեցած հրաձգությունների մասին, մասնավորապես, «Բատակլան» թատրոնի դիմաց գտնվող ռեստորանում, Carillion բարի հարևանությամբ ու Ռյու դե Շարոն փողոցոի անկյունում: Միևնույն ժամանակ, ականատեսները հայտնել էին, որ պայթյուններ են որոտացել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի հարևանությամբ:
Մոտ 1 ժամ անց հայտնի էր դարձել, որ Փարիզում հարձակումների զոհ է դարձել նվազագույնը 42 մարդ: Երևանի ժամանակով ժ. 02:33-ին տեղեկություն էր հաղորդվել, որ ահաբեկիչները «Բատակլանում» պատանդ են վերցրել մոտ 100 հանդիսականի:
Երևանի ժամանակով ժ. 02:53-ին ԶԼՄ-ները հայտնեցին Les Halles առևտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած հրաձգության մասին: Հարձակումների պատճառով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց Փարիզի շրջանում արտակարգ դրություն սահմանելու մասին ու որոշում կայացրեց փակել Ֆրանսիայի սահմանները՝ հետագա ահաբեկչություններից խուսափելու համար:
Երևանի ժամանակով ժ. 03:22-ին տեղի ոստիկաններն սկսեցին գրոհել «Բատակլան» թատրոնի շենքը: Այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել էին մտնել թատրոնի շենքը, ահաբեկիչը կրակ էր բացել պատանդների ուղղությամբ: Որոշ մարդիկ կարողացել էին փախչել համերգասրահից: Ոստիկանությունը ավարտեց գրոհը՝ ոչնչացնելով 2 ահաբեկչի: Գործողության հետևանքով սպանվեց նվազագույնը 10 մարդ:
Տեղի ունեցածի պատասխանատվությունն ստանձնեց ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: Համարվում է, որ ահաբեկչությունները պատասխան են «Ջիհադի Ջոնի» ոչնչացման:
Փարիզ է ուղարկվել 1500 ոստիկան՝ մասնակցելու անվտանգության ապահովմանը ահաբեկչություններից հետո: Օլանդը հայտարարել է, որ մտադիր է անխնա կերպով պայքարել ահաբեկիչների դեմ:
Երևանի ժամանակով ժ. 05:58-ին ոստիկանները հետախուզում էին հայտարարել ահաբեկչական գործողություններին մասնակցած մի խումբ ահաբեկիչների նկատմամբ:
Երևանի ժամանակով ժ. 06:35-ին Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են Փարիզում ահաբեկչություններ իրականացրած 7 ահաբեկչի ոչնչացման մասին:
ԶԼՄ-ները հայտնում են ավելի քան 150 զոհի մասին, մոտ 200 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ: