«Ահաբեկչական գործողությունները շարունակական են լինելու». Քաղաքագետը՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի գնահատմամբ՝ աշխարհը մտել է գլոբալ ահաբեկչության դաշտ և ահաբեկչությունների աննախադեպ ժամանակաշրջան է սկսվել: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ քաղաքագետը խոսելով այս գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին՝ նա կարծիք հայտնեց, որ այս ահաբեկչական գործողությունները շարունակական են լինելու, եվրոպական այլ երկրներում են լինելու, Ռուսաստանն էլ պետք է պատրաստ լինի:
«Ռուսաստանն ամենից շատ է ռմբակոծում Իսլամական պետության զինյալներին, ու պատահական չէ, որ նրանք արդեն հայտարարել են, որ սպասեք ահաբեկչական ակտեր Ռուսաստանում»,- նշեց Ա. Մանասյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը Իսլամական պետության հիմնական թիրախներից չէ, սակայն, ըստ նրա՝ գտնվում ենք վտանգավոր խաչմերուկում:
«Բակո Սահակյանը Մոսկվայում հայտարարեց, որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող է տրամադրվել՝ ԻՊ-ի դեմ պայքար մղելու: Սա, կարծում եմ, լավ քայլ է, սակայն վտանգավոր է նրանով, որ Արցախն իրեն հայտարարեց ահաբեկչությունների դեմ պայքարի կողմ»,- նշեց Ա. Մանասյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ ԻՊ-ի շատ ահաբեկիչները եվրոպական երկրներ մուտք են գործել որպես փախստականներ, իսկ «կեղծ իդեալների գերի դարձած նույն այդ եվրոպական երկրները, դժվար է ասել, ինչպես պետք է պայքարեն ԻՊ-ի նման հզոր ուժի դեմ»: