«Այս ոլորտում ստեղծվում են որակյալ աշխատատեղեր, և պետության հիմնական շահագրգռվածությունը որակյալ աշխատատեղերն են». Վաչե Գաբրիելյան
«Կարծում եմ, որ տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի Հանրապետությունում իրապես ստանում է պատշաճ ուշադրություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ ըստ Կ. Վարդանյանի՝ չի կարելի ասել՝ պետությունը ջանք չի գործադրում, պարզապես դրանք ադեկվատ չեն խնդիրներին, եթե այդ ջանքներն իսկապես ավելի ծավալուն լինեին, շատ ավելի մեծ հաջողություններ կունենայինք:
«Դա կարող է վերաբերել ոչ միայն այն օրենքին, որը մենք անցկացրինք և start up-ներին, այսինքն՝ նոր սկսող ընկերություններին որոշակի արտոնություններ տվեցինք, որի հետևանքով շատերն առաջացան (դուք ինքներդ հիշում եք՝ այս ոլոտում նախորդ միջոցառումը Digitecհ-ն էր, Digitecհ-ում մի մեծ սրահ այդ ընկերություններն էին, որոնք արդեն իսկ առաջացել են, գործում են ), և դա կոնկրետ առարկայական օգնություն է ոլորտին»,- ասաց Վ. Գաբրիելյանը։
Նա նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունն իր կազմում տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ստորաբաժանում ունի, վարչապետին կից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ կա. «Ես որևէ այլ ոլորտ չգիտեմ, որը նույն պարբերականությամբ և ներկայացվածությամբ հասու լինի բոլոր կառավարման մարմիններին և ուշադրություն դարձվի: Դրանից բացի՝ կան բազմաթիվ այլ միջոցառումներ, օրինակ՝ միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան, նախագահի մրցանակը: Ո՞րը թվեմ: Եթե մենք վերցնենք և այս բոլոր միջոցառումները դնենք մի շարքի մեջ, ապա ակնհայտորեն կարելի է ասել, որ տեղեկավական տեխնոլոգիաների ոլորտը գտնվում է մեր կառավարության ուշադրության ներքո»:
Վաչե Գաբրիելյանն ասաց, որ ոլորից կառավարության հիմնական ակնկալիքը կայուն աճն է և աշխատատեղերի ստեղծումը. «Այս ոորտում ստեղծվում են որակյալ աշխատատեղեր, և պետության հիմնական շահագրգռվածությունը որակյալ աշխատատեղերն են: Կարող ենք ուրախությամբ նշել, որ այդպիսի աճ կա և կարող ենք նաև ասել, որ մեզ այս առումով պետք է շարունակաբար աշխատանք տանել, այսինքն՝ այնպես չէ, որ այդ աճն ինքն իրեն անընդհատ կլինի, դրա համար ևս հարկավոր է ուշադրություն դարձնել կրթության ոլորտին, որովհետև մենք մշտապես մասնագետների կարիք և պակաս ունենք: Դրա համար անհրաժեշտ է նաև ինովացիոն ոլորտին ուշադրություն դարձնել»:
Ըստ նրա՝ ռազմավարության հիմնական կետը իննովացիոն հնարավորություններին շանս տալն է. «Եթե կարճ ձևակերպեմ, պետք է միջավայր ստեղծենք, որը հնարավորություն տա ինովացիաների զարգացմանը»: