Քրդերը ԴԱԻՇ-ի դեմ խոշոր հարձակում են սկսել Իրաքի Սինջար քաղաքում
Քրդական զինված միավորումները հարձակում են սկսել՝ նպատակ ունենալով վերականգնել վերահսկողությունը Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար քաղաքում, որը գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քուրդ հրամանատարության տեղեկություններով՝ հարձակումն սկսվել է վաղ առավոտյան: Օպերացիային մասնակցում է շուրջ 7,5 հազար մարտիկ, որոնց աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոալիցիայի ավիացիան:
Սինջարը ԴԱԻՇ-ի ջիհադիստների վերահսկողության ներքո է գտնվում 2014 թվականից օգոստոսից, ինչից հետո քաղաքից հեռացել էին տասնյակ հազարավոր եզդիներ: Շատերը, ովքեր չէին հասցրել հեռանալ քաղաքից, սպանվել էին:
Սինջարը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների առանցքային ռազմավարական կետերից է Ռաքքայի ու Մոսուլի հետ միասին:
Քրդական ջոկատները բազմիցս փորձեր ձեռնարկել էին ազատագրելու քաղաքն ու Սինջար լեռը, սակայն փորձերը հաջողությամբ չէին պսակվել: