«Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն է՛լ ավելի է կարևորվել վերջին 2 տարվա ընթացքում». ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ

«ՆԱՏՕ-ն իր պաշտպանական քաղաքականության վերանայման փուլում է»,- «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցւթյուն. նոր նպատակներ և հեռանկարներ» խորհրդաժողովի ընթացքում այս մասին ասաց ՆԱՏՕ-ում Գերմանիայի պատվիրակության քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Գուիդո Հիլդները: Նա նախ նշեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար կարևոր գործընկեր է, քանի որ գտնվում է աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջանում:

«Լինելով ՆԱՏՕ-ի գլխամասային գրասենյակի ներկայացուցիչ` ես կարող եմ օժանդակել այս միջոցառմանն, ավելացնելով ընդհանուր Բրյուսելի հեռանկարը: Մենք ապրում ենք շատ դրամատիկ տարածաշրջանում, վերջին երկու տարվա ընթացքում անվտանգության միջավայրը եվրասիական տարածաշրջանում փոխվել է այն առումով, որ ոչ ոք չէր կարծում, որ դա հնարավոր կլիներ: ՆԱՏՕ-ն շրջապատված է ճգնաժամերի մի ամբողջ բազմությամբ` ՆԱՏՕ-ի արևելքում ՌԴ-ն մարտահրավեր է նետում միջազգային անվտանգության ճարտարապետության համաձայնեցված կանոններին բռնակցելով Ղրիմն ու մուտք գործելով Ուկրաինա, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը պետք է նոր լույս սփռի Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսեթիայում և ԼՂ սառեցված հակամարտությունների տարածաշրջանում: Հարավային մասում Սիրիայում և Իրաքում արյունալի հակամարտությունները խարխլում են պետությունները, միջերկրածովյան տարածաշրջանում Լիբիան մեկ այլ օրինակ է պետության, որը գտնվում է փլուզման եզրին: Սա ՆԱՏՕ-ի անմիջական հարևանությամբ է գտնվում:

Թույլ տվեք ավելացնել Մալին, Նիգերիան, Սոմալին, Եմենը, Իսրայելապաղեստինյան հակամարտությունը և Աֆղանստանը: Այս հակամարտությունները չեն ավարտվում ՆԱՏՕ-ի սահմաններում: Հարյուրհազարավոր փախստականներ մուտք են գործում Եվրոպա և սպառնալիք է ձևավորվում, որի ամբողջական ծավալը մենք դեռ չենք կարողանում հասկանալ: Հիմնարար կերպով փոխվում են անվտանգության այն չափանիշները, որոնք եվրոպական միության տարածքում հաստատվել էին պատերազմից հետո: Նոր իրավիճակը պահանջում է նոր ջանքեր, նոր ռեսուրսներ և նոր դիրքորոշում: Արդյունքում ՆԱՏՕ-ն հիմա համապարփակ համարվողականության գործընթաց է ծավալում»,- մեկնաբանեց ՆԱՏՕ-ի պաշտոնյան` շարունակելով, որ Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում կարևոր որոշումներ կայացվեցին այդ առումով, այդ որոշումների իրականացումը տպավորիչ առաջընթաց է գրանցել:

Նրա գնահատմամբ՝ միջոցառումները դաշինքը դարձրել են ավելի արդյունավետ, ընդգծելով բոլոր ջանքերի պաշտպանողական բնույթը: Բանախոսի փոխանցմամբ` Վարշավայի առաջիկա գագաթնաժողովը 2015 թ. հուլիսին կշարունակի այս գործընթացը:

«Որոշումները կապահովեն ՆԱՏՕ-ի ամենահզոր ռազմական դաշինքի կարգավիճակը այն հիմքով, որ այն խիստ պաշտպանողական բնույթ է կրում:

Այս համատեքստում գործընկերությունները ոչ թե կարևոր են, այլ առավել կարևոր են դարձել, Բրյուսելի տեսլականն է, հետաքրքիր է իմանալ Երևանի կարծիքը»,- ասաց Հիլդները` ընդգծելով, որ ուրախ է այն կապակցությամբ, որ Հայաստանը գործընկերության մաս է կազմում, մի գործընկերության, որն աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների ֆոնին էլ ավելի է կարևորվել ՆԱՏՕ-ի համար:

Տեսանյութեր

Լրահոս