Բրիտանիան հետաձգել է բոլոր թռիչքները Շարմ-էլ-Շեյխից
Եգիպտոսի Շարմ-էլ-Շեյխից դեպի Մեծ Բրիտանիա բոլոր չվերթները հետաձգվել են: Միացյալ Թագավորությունը ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները Սինայի թերակղզու վրայով, մինչև ավիացիոն փորձագետները անալիզի չենթարկեն թռիչքների անվտանգության հետ կապված վիճակը, հայտնում է LIfeNews-ը՝ հղում կատարելով բրիտանական ԶԼՄ-ներին, որոնք վկայակոչում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի գրասենյակին:
Նման միջոցառումը կապված է օրեր առաջ Սինայի թերակղզում կործանված ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող А321 ինքնաթիռի կործանման հետ:
Հիշեցնենք, որ ավելի ամերիկյան հետախուզությունը տեղեկություն էր տարածել, թե ռուսական А321 ինքնաթիռում կարող էր ռումբ պայթել, որը ինքնաթիռում տեղադրել էին ահաբեկիչները:
Associated Press գործակալությունը, հղում կատարելով ամերիկյան հետախուզության տվյալներին ծանոթ աղբյուրին, հայտնում է, որ ինքնաթիռում ռումբի պայթյունի վարկածը հիմնված է այն տեղեկության վրա, որն ստացվել է ԴԱԻՇ-ի զինյալների խոսակցություններից:
Դրա հետ միասին, նշվում է, որ ինքնաթիռում ռումբի պայթյունը ընդամենը վարկած է: