Սինայում կործանված A321-ում ռումբ է տեղադրված եղել. ԶԼՄ-ներ
Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Եգիպտոսում աղետի ենթարկված ռուսական А321 ինքնաթիռում կարող էր ռումբ պայթել, որը ինքնաթիռում տեղադրել էին ահաբեկիչները, հայտնում է CNN-ը:
Associated Press գործակալությունը, հղում կատարելով ամերիկյան հետախուզության տվյալներին ծանոթ աղբյուրին, հայտնում է, որ ինքնաթիռում ռումբի պայթյունի վարկածը հիմնված է այն տեղեկության վրա, որն ստացվել է ԴԱԻՇ-ի զինյալների խոսակցություններից:
Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդը նույնպես չի բացառել ռումբի պայթյունի վարկածը: Նա հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կասեցրել է թռիչքները Սինայի թերակղզու վրայով: Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ այսօր ոչ մի չվերթ չի վերադառնա Բրիտանիա Եգիպտոսի Շարմ-էլ-Շեյխ քաղաքից:
Դրա հետ միասին, նշվում է, որ ինքնաթիռում ռումբի պայթյունը ընդամենը վարկած է:
Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռը Շարմ-էլ-Շեյխ հանգստավայրից ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգ: Այն հոկտեմբերի 31-ին պայթել է երկնքում թռիչքից 30 րոպե անց:
Ինքնաթիռում գտնվել են 217 ուղևոր ու անձնակազմի 7 անդամները: Բոլորը մահացել են: