Ավտոբուսի վարորդը գերազանցել է արագությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած գիշեր Հայաստանի պատվիրակությունը՝ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եւ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ, մեկնել է Տուլա՝ Իլյինկա գյուղի մոտ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ավտոբուսի վթարի վայր։ Առավոտյան ժամը 9-ին նրանք մասնակցել են խորհրդակցության, որին ներկա են եղել նաեւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Աոկոլովը եւ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը։

Խորհրդակցության ժամանակ ննարկվել են այն խնդիրները, որոնք օրվա ընթացքում անհրաժեշտ է եղել լուծել։ Ըստ ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լեւոն Թորգոմյանի, առաջնային խնդիրն այն է եղել, թե ինչպես են Հայաստան տեղափոխելու վթարից տուժածներին եւ զոհվածների մարմինները։ Երեկ ողջ օրվա ընթացքում վթարված ավտոբուսի ուղեւորներն ստացել են իրենց բեռները։ Որոշակի բարդություններ են եղել, քանի որ քննչական գործողությունները տեղում դեռ ավարտված չեն։ Թեթեւ հիվանդները, ովքեր ամբուլատոր բուժում են ստացել, գիշերել են տեղի «Արմենիա» հյուրանոցում, որտեղ գտնվում են ներկայում։ Նրանց կենցաղային հարցերը հոգացել են Տուլայի նահանգային իշխանությունները։ Այս մարդկանց մի մասը ցանկանում է մնալ բարեկամների մոտ, մյուսները տեղափոխվելու են։

«Որոշվում է նաեւ, թե ինչպես ենք տեղափոխելու այն անձանց, ովքեր ցանկություն ունեն Մոսկվա մեկնել, այնտեղ բուժում ստանալ։ Տուլայից պատվիրակությունը մեկնել է քաղաք Ուզլովայա, որտեղ եւ գտնվում ենք այս պահին»,– ասաց դեսպանատան ներկայացուցիչը։

Ուզլովայայի հիվանդանոցում գիշերը 16 մարդ է եղել, որոնցից երկուսը դուրս է գրվել։ Մնացել է 14 հոգի։ Նրանցից 6-ը վերակենդանացման բաժանմունքում է, որոնց վիճակը բժիշկները ծանր են գնահատում։

«Կան պրոգնոզներ, հույսեր, բայց կապաքինվեն, թե ոչ, կախված է օրգանիզմի առանձնահատկությունից, թե ինչպես կընթանա բուժումը»։

Վարորդ Հարությունյանին անվճար փաստաբան է տրամադրվել՝ Անդրեյ Բակշեւն է։ Գառնիկ Հարությունյանն արդեն ցուցմունքներ է տվել։ Այս պահին շրջանառվող վարկածը վարորդի անփութությունն է։ Հարությունյանի հեռախոսն ընկել է, նա կռացել է, որ վերցնի, եւ շեղվել է ճանապարհից։ Վթարի պատճառ է դարձել նաեւ արագության գերազանցումը, ինչը ֆիքսել է արագաչափը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս