Ահազանգ՝ առաջին ձեռքից
Բազմիցս գրել ենք այն մասին, որ անկախ լավատեսական գնահատականներից և տնտեսական աճի` գրանցված ու գրանցվելիք թվերից, տնտեսության վիճակը շարունակում է տխուր մնալ։ Տարին աճով ենք փակում, սակայն դա ոչինչ չի նշանակում։
Այն, որ ներկայիս վիճակը փայլուն չէ, երևում է ոչ միայն քաղաքացիների հետ շփումներից, այլ նաև պաշտոնական վիճակագրությունից (մանրածախ առևտրի կրճատում, ներդրումների, տրանսֆերտների նվազում և այլն)։ Իսկ որ ապագան մշուշոտ է` երևում է հաջորդ տարվա բյուջեի նախագծից։
Արդեն առիթ ունեցել ենք գրել այն մասին, որ թեպետ 2016 թվականի համար կանխատեսվում է 2.2% ՀՆԱ-ի իրական աճ (անվանական ՀՆԱ-ն 2016 թվականին, ըստ պետբյուջեի նախագծի, կկազմի 5 տրիլիոն 442.8 մլրդ դրամ), զգուշավորությունն ավելի շատ աչքի է զարնում, երբ ուսումնասիրում ենք պետբյուջեի եկամուտների կանխատեսումները։
Ուշագրավն այն էր, որ տնտեսական աճի ֆոնին` նվազելու են բյուջեի եկամուտները, այդ թվում` բյուջե մուտքագրվող հարկերը, որոնք կազմում են պետբյուջեի եկամուտների 95.4%-ը։ 2016 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2016 թվականի համար ծրագրվել են 1,129.0 մլրդ դրամի չափով` 2015 թվականի համար հաստատված և 2014 թվականի փաստացի համադրելի մուտքերի համապատասխանաբար` 1,138.7 և 1,049.0 մլրդ դրամի դիմաց։ Հարկերի հավաքագրումը 2015-ի նկատմամբ քիչ է լինելու 9.7 մլրդ դրամով։
Այսպես սովորաբար չի լինում, երբ տնտեսությունն աճի, իսկ հարկերը նվազեն։ Սակայն Հայաստանի դեպքում մի քիչ այլ է։ Տնտեսությունն աճում է գրեթե չհարկվող ոլորտի` գյուղատնտեսության հաշվին։ Սակայն պարզվում է, որ անգամ այդ նվազած հարկերը հավաքելու գործը հեշտ չի լինելու։ Այս մասին երեկ հայտարարել է անձամբ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։
Լրագրողների հետ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում Գագիկ Խաչատրյանն ասել է, որ 2015 թվականի բյուջեի կատարողականի հետ կապված խնդիրներ կան։ Նա նշել է, որ այս պահի դրությամբ շեղումը մոտ 7 %-ի կարգի է, բայց դա կախված է առաջիկա 2 ամսվա զարգացումներից։ «Մենք մեծ նվազումներ ունենք` հատկապես ներմուծման ծավալների կրճատման հետ կապված։ Հաջորդ տարվա համեմատ` եթե այս տեմպերը շարունակվեն, արդեն պետք է անհանգստանալ»,- ասել է նախարարը։
Երբ նման տեսակետ հայտնում են լրագրողները կամ անկախ փորձագետները, դա մտահոգիչ է, սակայն սարսափեցնող չէ։ Իսկ երբ նման զգուշավորությամբ է խոսում ֆինանսների նախարարը, ով, թերևս, ամենից լավ է տիրապետում տնտեսության իրական վիճակին և հարկային հնարավորություններին, սա արդեն լուրջ ահազանգ է։ Իրականում` ֆինանսների նախարարությանն ու, մասնավորապես, հարկային ծառայությանը չեն հետաքրքրում ԱՎԾ-ի հայտարարած տնտեսական աճի ցուցանիշներն ու կանխատեսումները։ Այս մարմինն անմիջական շփման մեջ է հարկատուների հետ և պատկերացնում է` ինչ վիճակում են նրանք գտնվում։ Ու քանի որ ի պաշտոնե ամեն բան չի կարելի ասել, կարելի է ենթադրել, որ վիճակն իրոք տխուր է։
Իհարկե, Գագիկ Խաչատրյանը խոսել է հիմնականում 2015 թվականի մասին, սակայն այն բացասական գործոնները, որոնք ազդել են հարկահավաքման վրա, չեն վերանալու նաև 2016 թվականին։
Ներմուծումը, ինչպես նշեցինք, կրճատվել է։ Կրճատվել է հիմնականում բնակչության գնողունակության անկման հետևանքով։ Իսկ բնակչության գնողունակության վրա իր հերթին ազդում է արտերկրից ստացվող դրամական փոխանցումների անկումը։ Այս տարվա առաջին 9 ամիսների կտրվածքով դրանք նվազել են շուրջ 400 մլն դոլարով, ինչը Հայաստանի համար լուրջ թիվ է։ Տրանսֆերտների նվազման վրա ազդել է առաջին հերթին՝ Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումը։ Իսկ Ռուսաստանի տնտեսությունը, ըստ կանխատեսումների, 2016 թվականին ճգնաժամային վիճակից դուրս չի գա։ Որովհետև ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, ինչպես երևում է, կպահպանվեն նաև հաջորդ տարի։
Ասվածն ավելի լավ պատկերացնելու համար մի քանի ցուցանիշներ հիշենք։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2015 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ ներմուծված ապրանք-ծառայությունների մաքսային արժեքը կազմել է 2 միլիարդ 361.7 միլիոն դոլար։ Դա 26.6%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Ավելին ասենք, ըստ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի` ներմուծման անկումն ավելի խորն է։ «Այդպես չէ, որ միայն Որոտանի համալիրի վաճառքի արդյունքում են առաջացել հարկերը։ Եթե համեմատություն կատարենք, կտեսնենք, որ, օրինակ, ներմուծումների գծով բավականին անկում ունենք։ Ինչո՞ւ։ Որովհետև հարկունակ ներմուծման ծավալները շուրջ 32%-ով նվազել են։ Բնականաբար, եթե ծավալները նվազում են, դրանից եկող հարկերն էլ են նվազում»,- ասել է նա մեր թղթակցի հետ զրույցում։
Ներքին առևտրաշրջանառությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է 1 տրիլիոն 620.6 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածին զիջում է 5.6%-ով։ Հանրապետության 1000 խոշոր հարկատուների` մաքսային մարմիններին մուծած հարկերն այս տարվա հունվար-սեպտեմբերին նվազել են ավելի քան 40 միլիարդ դրամով` 186.7 մլրդ դրամից հասնելով 146 մլրդ դրամի։ Ցանկը կարելի է երկար շարունակել։ Սակայն այսքանն էլ բավարար է` մոտավոր պատկերը հասկանալու համար։
Ավելացնենք նաև, որ հարկահավաքության խնդիրների մասին անուղղակիորեն վկայում է նաև օղու, ծխախոտի և վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափի ավելացումը 10 տոկոսով, ինչը կոնկրետ բյուջետային եկամուտների հավաքագրման խնդիր է լուծում։
Ու չնայած այս ամենին` ՀՀ ֆինանսների մյուս փոխնախարարը` Պավել Սաֆարյանը, համաձայն չէ ԱԺ պատգամավորների այն բնորոշման հետ, որ տնտեսությունը գտնվում է «քրքաշ» վիճակում։
Ի դեպ, ֆինանսական բլոկի մեր պաշտոնյաները երեկ նաև հավաստիացրել են, որ հարկային մուտքերի նվազումը սպառնալիք չէ պետբյուջեի համար։ Ասել է թե` նախատեսված ծախսերն ամբողջությամբ կկատարվեն։ Դա նշանակում է, որ նախատեսվածի չափով չհավաքագրված հարկերի փոխարեն` բյուջետային ծրագրերը ֆինանսավորվելու են արտաքին միջոցների հաշվին։ Այսինքն` արտաքին պարտքը շարունակելու է աճել, որը նույնպես լուրջ բեռ է հարկատուների համար։ Այնպես որ, անկախ նրանից` «քրքա՞շ», թե՞ այլ հետաքրքիր վիճակում ենք, մի բան ակնհայտ է` գոտիները թուլացնել հաջորդ տարի նույնպես չի հաջողվելու։
Փոխարենը` կարող ենք ոգևորվել տնտեսական աճի ցուցանիշներով, որոնք կհրապարակի պաշտոնական վիճակագրությունը, և Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում մեկ-երկու տեղանոց առաջընթացով։