Airbus А321-ի ուղևորները զոհվել են այրվածքներից ու փակ վնասվածքներից. դատաբժիշկ-փորձագետներ
Դատաբժիշկ-փորձագետները, ովքեր կատարել են Սինայի թերակղզում կործանված А321-ի ուղևորների մարմինների զննությունն ու դիահերձումը, կատարել են մարդկանց մահվան պատճառների մասին իրենց առաջին եզրակացությունները, հայտնում է LifeNews-ը:
LifeNews-ի աղբյուրների տվյալով՝ մարդկանց մահվան պատճառ է դարձել միանգամից մի քանի գործոն: Մահվան պատճառ են դարձել այրվածքները, կետային փակ վնասվածքները, ինչպես նաև ներքին օրգանների պատռվածքները:
Ինչպես հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է ավիաաղետի մոտ 100 զոհի աճյուն:
Դատական-բժշկական փորձաքննությունից հետո աճյունները կտանեն ազգականների կողմից ճանաչման:
Ընդհանուր առմամբ՝ փորձագետների առաջ խնդիր է դրված անցկացնել նվազագույնը 15 փորձաքննություն՝ պարզելու յուրաքանչյուր զոհի մահվան ստույգ պատճառը ու մահվան հստակ ժամանակը:
Հիշեցնենք, որ ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը հոկտեմբերի 31-ին չվերթ էր իրականացնում Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ, կործանվել է շաբաթ օրը Սինայի թերակղզում:
Ինքնաթիռում գտնվել էր 224 մարդ, որից 217-ը՝ ուղևորներ: Ինքնաթիռում գտնվել է ավելի քան 20 երեխա: Երեխաներից ամենափոքրը եղել է ընդամենը 9 ամսական: