«Ոչ թե ՀՅԴ-ն է միացել ՀՀԿ-ին, այլ ՀՀԿ-ն է միացել ՀՅԴ-ին». Աղվան Վարդանյան
Արդեն սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի «այո»-ի քարոզարշավն ընթացքի մեջ է, և ՀՅԴ Գերագույն մարմինը ձևավորել է կոլեգիալ շտաբ, որի աշխատաքները ղեկավարելու է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Ա. Վարդանյանը՝ նշելով, որ ստեղծվել են 5 աշխատանքային խմբեր, որոնք մարզերում քարոզչություն կիրականացնեն:
Ա. Վարդանյանի խոսքով՝ ՀՅԴ-ն հանրապետության մարզերում կբացի թվով 100 շտաբ. «Գերագույն մարմնում երեկ մենք հավաքել էինք մեր բոլոր մարզային շտաբների ղեկավարներին, աշխատանքի բաշխում կատարեցինք, նախատեսում ենք նաև հրապարակային հանդիպումներ բոլոր մարզերում, յուրաքանչյուրում՝ 3-4 հանդիպում: Մարզային հանդիպումները նախատեսում ենք անցկացնել շաբաթ և կիրակի օրերին: Ստեղծել ենք քարոզչական բավականին պատկառելի խումբ»,- նշեց Ա. Վարդանյանը՝ հայտնելով, որ Երևանում նույնպես նախատեսում են ոչ միայն՝ դահլիճային հանդիպումներ, այլև՝ մասնագիտական ոլորտային ներկայացուցիչների՝ մտավորականների, ճարտարապետների, բիզնես ներկայացուցիչների հետ:
Ա. Վարդանյանը համոզված է, որ իրենց կհաջողվի այնպիսի քարոզարշավ իրականացնել, որ հանրության մոտ տարակուսանքներ չմնան, թե այս «Սահմանադրությունն էապես բարեփոխված է՝ նախորդի համեմատ»:
Անդրադառնալով հարցին, թե, ի վերջո, ինչո՞ւ որոշեցիք այս հարցում միանալ իշխանություններին, Ա. Վարդանյանը պատասխանեց. «Մենք որևէ մեկին չենք միացել, ընդհակառակը՝ եթե միացել են, մեզ են միացել, քանի որ մենք 20 տարի շարունակ խորհրդարանական համակարգի կողմնակից ենք եղել»:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ իշխանությո՞ւնն է ձեզ միացել, Ա. Վարդանյանը պատասխանեց՝ «իհա՛րկե»: «Մեր հիմնավորումներն էապես տարբերվում են մյուս քաղաքական ուժերի հիմնավորումներից: Գեղեցիկ չէ, որ ամեն անգամ մեզ ուզում են ուղարկել՝ ասել, որ մենք միացել ենք իշխանություններին»:
Հարցին՝ ինչո՞ւ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ չի տանում «այո»-ի քարոզարշավը, Ա. Վարդանյանը պատասխանեց, որ իրենք առանձին քաղաքական ընդդիմադիր ուժ են, իրենց հիմնավորումները, փաստարկները «շատ ավելի հիմնավոր են, շատ ավելի հզոր են, քան նույնիսկ ՀՀԿ-ինն է, որը չի կարող իր համակարգի արատների մասին բաց խոսել». «Դաշնակցությունը երբեք չի եղել որևէ ուժին սպասարկող ուժ, մենք գնում ենք մեր ճանապարհով»:
Նա նաև տեղեկացրեց, որ հրապարակային հանդիպումներ գոնե այս պահին չեն նախատեսում: