«Ալ-Քաիդայի» առաջնորդը կոչ է արել ահաբեկիչներին միավորվել Ռուսաստանի ու Արևմուտքի դեմ
«Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ազ-Զավահիրին կոչ է արել մուսուլմաններին միավորվել՝ հակազդելու Սիրիայում ու Իրաքում Ռուսաստանի ու Արևմուտքի կողմից եկող «սպառնալիքին»:
Իր ելույթում, որը տեղադրվել է համացանցում, ազ-Զավահիրին հայտարարել է, որ ամերիկացիները, ռուսները, իրանցիները, ալավիները ու «Հեզբոլլահը» կոորդինացնում են պատերազմն իրենց դեմ: «Մի՞թե մենք չենք կարող դադարեցնել միմյանց միջև պայքարելն ու մեր գործունեությունը նրանց դեմ ուղղել»,- հայտարարել է «Ալ-Քաիդայի» առաջնորդը, ում խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Հայտնի չէ, թե երբ է ձայնագրվել այդ ուղերձը, սակայն Ռուսաստանի հիշատակումը ցույց է տալիս, որ այն արվել է սեպտեմբերի 30-ից հետո, երբ Ռուսաստանի ավիացիան սկսեց գործողություններ իրականացնել Սիրիայում երկրի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով:
ԴԱԻՇ-ը ռուսական ինքնաթիռների կողմից իր դիրքերը ռմբակոծելուց հետո «սրբազան ջիհադ» է հայտարարել Ռուսաստանին:
Փորձագետները կարծում են, որ «Ալ-Քաիդայի» ու ԴԱԻՇ-ի միավորումը կարող է ավելի բարդացնել Մերձավոր արևելքում իրավիճակը: