Ժիրինովսկին դատի է տվել Միխայիլ Գորբաչովին
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին դատական հայց է ներկայացրել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի դեմ, հայտնում է Interfax-ը:
Հայցը ներկայացվել է անձամբ Գորբաչովի ու «Ամբողջ աշխարհը» հրատարակչության դեմ: Պատճառն այն է, որ Գորբաչովն իր «Կրեմլից հետո» («После Кремля») գրքում Ժիրինովսկու հասցեին ոչ ցանկալի արտահայտություններ է արել, մասնավորապես՝ նրան անվանել է «սադրիչ»: Բացի այդ՝ Գորբաչովը գրել է, որ Ժիրինովսկին առաջ է քաշել ծայրահեղական կարգախոսներ:
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2014 թվականին: Գրքի 416 էջերում քաղաքական գործիչը պատմել է պաշտոնից հեռանալուց հետո իր կյանքի մասին, գրքում ներկայացված են նրա դատողությունները երկրում կատարված նշանակալի իրադարձությունների մասին:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ժիրինովսկին Գորբաչովից պահանջում է 1 մլն ռուբլի փոխհատուցում: