ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին ընդունել դեպքերի հետաքննության մեխանիզմների ստեղծման նախաձեռնությունը. Ուորլիք
Միացյալ Նահանգները ամբողջությամբ աջակցում են ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ներդրմանը, որպեսզի ստուգեն կրակի դադարեցման ռեժիմի խախտման պնդումները Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի շփման գծի ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ «Նովոստի-Արմենիայի» թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով լարվածության մեծացումը ղարաբաղյան հակամարտության գոտում:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ընդունել մեխանիզմները, որոնք կօգնեն նվազեցնել լարվածությունը, ու որ ամենակարևորն է, խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին ընդունել Ադրբեջանի հրապարակային կոչերը՝ անկեղծ բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, ինչը կարող է հանգեցնել երկարատև, խաղաղ կարգավորման»,- հայտարարել է Ջեյմս Ուորլիքը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքով Հայաստանի Տավուշի մարզում սպանվեց 3 կին, ևս 4 մարդ ստացավ վնասվածք:
1 օր անց ադրբեջանական գործողությունների հետևանքով սպանվեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի 4 զինծառայող, ևս 16 զինծառայող ստացավ տարբեր աստիճանի վնասվածքներ: