«Սահմանին սրացումները դեռ չեն նշանակում լայնամասշտաբ պատերազմական գործողություններ». Կորյուն Նահապետյան

«Ենթադրվում է, որ առաջիկայում կլարվի իրավիճակը: Համենայնդեպս, վերջին 2 ամիսների ընթացքում վերլուծելով իրադրությունը և նաև Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, դինամիկան, նկատելի է, որ հնարավոր են նաև առավել մեծ սրացումներ, և պետք է անպայման մենք նկատի ունենանք այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմն օգտագործում է խոշոր՝ 60 մմ, 82մմ, 120 մմ տրամաչափի զենքեր, և հայ-ադրբեջանական պետական սահմանի և ղարաբաղաադրբեջանական շփման գծում նկատելի է թվաքանակի աճ, վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը դա է ցույց տալիս, խաղաղ բնակավայրեր են գնդակոծվում Ադրբեջանի կողմից, և այս նոր ստեղծված իրավիճակում պետք է բոլոր ուժերը համախմբենք, այդ թվում՝ խորհրդարանական, տարբեր ճակատներում կռիվ տալու համար»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե առաջիկայում ի՞նչ գործողություններ կարող են լինել:

Նա ժխտեց, որ լայնածավալ պատերազմ կլինի, ու նշեց, որ դրա մասին խոսք չի գնացել, և սրացումները դեռ չեն նշանակում՝ լայնամասշտաբ պատերազմական գործողություններ: Նահապետյանի բնորոշմամբ՝ լինելու են ոչ միայն պատասխան, այլև նախահարձակ, նախականխիչ գործողություններ:

Կ. Նահապետյանի խոսքով՝ իր ղեկավարած ԱԺ հանձնաժողովը քննարկել է հայ-ադրբեջանական պետական սահմանի և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման և իրադրության ընդհանուր լարման հետ կապված, ՊՆ և ազգային շտաբի հետ համագործակցության հարցեր. «Խորհրդարանական տարբեր ձևաչափերով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս տարբեր միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում մենք ունենք լրջագույն անելիքներ և պետք է միասնականացնենք մեր ջանքերը ՊՆ-ի և ԱԳՆ-ի հետ, որպեսզի հստակ ներկայացնենք մեր դիրքորոշումները, մեր ակնկալիքներն ինչպես՝ միջազգային հանրությունից, այնպես էլ՝ ՀՀ-ի ներսում»:

Մեր հարցին, թե Ռուսաստանն ի՞նչ դերակատարում ունի այս իրադրությունում, հաշվի առնելով, որ որպես բիզնեսմեն՝ ՌԴ-ի համար շահավետ է զենքի սպառման տեսանկյունից, Կ.Նահապետյանը հակադարձեց, թե պետք չէ շեշտադրում անել, որ Ադրբեջանը ռուսական արտադրության զենք է օգտագործում, կարող է այլ պետությունների արտադրության զենք էլ կիրառել: «ՌԴ-ի շահերից չպետք է բխի իրադրության լարումը: Այսօր ՌԴ-ն՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, ներգրավված է ԵԱՀԿ ՄԽ-ում՝ որպես միջնորդ, և նրանք պետք է շահագրգիռ լինեն, որ իրենց միջնորդական առաքելությունը տա դրական արդյունքներ»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս