Հանդիպումը շատ օգտակար էր ու անկեղծ. Պուտինը՝ Օբամայի հետ հանդիպումից հետո

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Նյու Յորքում ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում 2 տարվա մեջ առաջին անգամ կայացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փակ հանդիպումը:

Հայտնի է, որ բանակցությունները նախատեսված 55 րոպեի փոխարեն տևել են գրեթե կրկնակի:

Բանակցություններից անմիջապես հետո Պուտինը պատասխանել է լրագրողների հարցերին:

Պուտինի առանցքային հայտարարությունները.

«Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են բավական ցածր մակարդակի վրա, սակայն դա մեր նախաձեռնությունը չէ՝ այդ մակարդակի հասցնել մեր հարաբերությունները: Դա մեր ամերիկացի գործընկերների դիրքորոշումն է: Նման ընտրություն ԱՄՆ-ն է արել: Այսօրվա հանդիպումը շատ օգտակար էր ու անկեղծ: Մեր ամերիկացի գործընկերները բավական հստակ են շարադրել իրենց դիրքորոշումը բազմաթիվ հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ Ուկրաիայում ստեղծված վիճակի կարգավորման ու սիրիական պրոբլեմատիկայի:

Որքան էլ տարօրինակ է, մենք այդ հարցերում ունենք բազմաթիիվ համընկնող կետեր, սակայն կան նաև տարաձայնություններ, որոնց վերաբերյալ պայմանավորվել ենք միասին աշխատել: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությանը Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը, ապա ԱՄՆ-ը առանց այդ էլ ակտիվորեն մասնակցում է դրան, թեև դա առաջին պլան չի մղվում:

Այդուհանդերձ, ԱՄՆ-ը կանգնած է Կիևի իշխանությունների թիկունքին, նրանք մշտապես շփման մեջ են եվրոպացիների հետ, մեր միջև էլ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի, կա լավ, գործնական շփում արտգործնախարարների մակարդակով: Այսօրվա խորհրդատվություններն էլ ցույց են տվել, որ մեր ամերիկացի գործընկերները ամբողջությամբ, իհարկե, ազդում են այդ գործընթացի վրա :

Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում իմ գործընկերներին՝ ամերիկացի, ֆրանսիացի նախագահներին, սակայն նրանք, որքան ինձ հայտնի է, Սիրիայի Հանրապետության քաղաքացիներ չեն, այդ պատճառով էլ չպետք է մասնակցեն այլ պետության ղեկավարության ճակատագրի վճռմանը:

Դա հենց սիրիացիների գործն է, թեև, իհարկե, կոնֆլիկտը խորն է, արյունալի, այդ պատճառով էլ ես ասել եմ, որ ահաբեկչության դեմ պայքարող պաշտոնական իշխանություններին աջակցելով՝ մենք պնդելու ենք զուգահեռ անցկացնել քաղաքական վերափոխումներ ու քաղաքական գործընթաց: Որքան ինձ հայտնի է, նախագահ Ասադը դրա հետ համաձայն է:

Մամուլի ներկայացուցիչներն ինձ զարմացնում ու ուրախացնում իրենց անմիջականությամբ: Բաժակները (ՄԱԿ-ի քարտուղար Պան Գի Մունի լանչին) բարձրացվել էին գլխավոր քարտուղարի կենացի կապակցությամբ: Մենք բաժակները խփեցինք ՄԱԿ-ի զարգացման ու գլխավոր քարտուղարի առողջության համար: Դրա հետևում ոչինչ չկա, դա արարողակարգային միջոցառում է»:

Տեսանյութեր

Լրահոս