Ի՞նչ հարցեր են քննարկել Պուտինն ու Օբաման. նախագահները հայտարարություններով են հանդես եկել

Նյու Յորքում ավարտվել է 2013 թվականից ի վեր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին երկկողմ հանդիպումը:

Ուշադրության կենտրոնում են եղել Սիրիայի ու Ուկրաինայի կոնֆլիկտները: Դատելով հայտարարություններից՝ մոտեցումներում տարբերությունները դեռ մնում են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երկու երկրների ղեկավարները հանդիպել էին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում:
ԱՄՆ նախագահի հետ բանակցություններից անմիջապես Պուտինը հայտարարեց, որ քննարկման գլխավոր թեմաներն են եղել Սիրիայում ստեղծված վիճակն ու այդ կոնֆլիկտի կարգավորման հարցում ռուսական մասնակցության հարցն ու Ուկրաինայի վիճակը:

Բանակցությունները նախատեսված 55 րոպեի փոխարեն տևել են գրեթե կրկնակի: ԱՄՆ ադմինիստրացիայի ներկայացուցչի խոսքով՝ ժամանակի կեսը տրամադրվել է Ուկրաինային վերաբերող հարցերի քննարկմանը, մյուս կեսը՝ սիրիական կոնֆլիկտին:
Ռուսաստանի նախագահը Օբամայի հետ հանդիպումը բնորոշել է շատ օգտակար ու անկեղծ:
«Այսօրվա զրույցը, արդեն ասել եմ, եղել է շատ կառուցողական, գործնական ու զարմանալիորեն շատ անկեղծ»,- ասել է Պուտինը լրագրողներին:
«Մենք գտանք շփման բազմաթիվ կետեր, սակայն կան նաև տարաձայնություններ»,- ասել է նա:

«Մեր ամերիկացի գործընկերները բավական հստակ շարադրել են իրենց դիրքորոշումը բազմաթիվ հարցերի վերաբերյալ, այդ թվում Ուկրաինայի վիճակի կարգավորման ու սիրիական հարցի»,- Օբամայի հետ հանդիպումից հետո հայտարարել է Պուտինը՝ խոստովանելով, որ Օբաման ամբողջությամբ տեղյակ է, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում:

Ինչպես հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը, Օբաման Պուտինին իր անհանգստությունն է հայտնել Ուկրաինայի արևելքում Մինսկի համաձայնագրերի չկատարման վերաբերյալ, մասնավորապես այն բանի, որ Լուգանսկն ու Դոնեցկը որոշել են անցկացնել տեղական ընտրություններ:

Ինչ վերաբերում է Սիրիային, Պուտինն ասել է, որ իրենց ճակատագիրը պետք է վճռեն հենց սիրիացիները: Նա բացառել է ռուսական զորքերի մասնակցությունը Սիրիայում ընթացող ցամաքային օպերացիաներին:

Նա, սակայն, հաստատել է, որ դիտարկում է ԴԱԻՇ-ի դեմ օդային օպերացիաներում ռուսական մասնակցության հարցը:

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է վերականգնել Վաշինգտոնի հետ վերջին շրջանում վատթարացած հարաբերությունները:

Բարաք Օբաման, իր հերթին, հայտարարել է, որ Սիրիայի կոնֆլիկտը անհնար է կարգավորել, քանի դեռ իշխանության ղեկին գտնվում է Բաշար Ասադը:
Պուտինը կոչ է արել օգնել Ասադին, քանի որ նա միակ լեգիտիմ ղեկավարն է երկրում:
Նա սխալ է համարել ԱՄՆ-ի հրաժարումը՝ համագործակցել սիրիական ներկայիս իշխանությունների հետ, որոնք իսկապես պայքարում են ահաբեկիչների դեմ:

Օբամայի կարծիքով՝ սեփական ժողովրդի դեմ կռվող Ասադն ի վիճակի չէ նպաստել Սիրիայում խաղաղության հաստատմանը, քանի որ կատարած հանցագործություններից հետո նա հետդարձի ճանապարհ չունի:

Օբաման կոչ է արել կազմակերպել իշխանության հանձնումը մեկ այլ քաղաքական գործչի:

Տեսանյութեր

Լրահոս