Մեկնարկել է Պուտին-Օբամա երկկողմ հանդիպումը
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման երկկողմ հանդիպում են անցկացնում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում, հայտնում է RIA Novosti-ն:
Երկու երկրների ղեկավարների հանդիպումն անցկացվում է փակ դռների հետևում: Սա Պուտինի ու Օբամայի առաջին հանդիպումն է վերջին 2 տարվա ընթացքում:
Ավելի վաղ Պուտինն ու Օբաման հայտարարել էին, որ բացի երկկողմ հարաբերություններ քննարկելուց, նախագահները քննարկելու են սիրիական թեմատիկան ու միջազգային այլ հարցեր, անդրադարձ է կատարվելու նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:
Հանդես գալով ՄԱԿ-ի ԳԱ տրիբունայից, Պուտինը առանձնահատուկ ուշադրություն էր հրավիրել ահաբեկչության դեմ պայքարին: Նա հույս էր հայտնել, որ ահաբեկչության դեմ պայքարում պայմանավորվածություններ ձեռք կբերվի գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ:
Երկուշաբթի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երկու երկրների հանդիպման նախօրեին հույս էր հայտնել, որ Պուտինի ու Օբամայի հանդիպումն արդյունավետ կլինի:
Նա ասել էր, որ կողմերը կցուցաբերեն այն ճկունությունն ու համերաշխությունը, ինչ կար իրանական միջուկային ծրագրի կնքման ժամանակ: