Ամերիկյան ու հայկական իրավապահ կառույցները պայքարում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ
Ս.թ. սեպտեմբերի 23-ին և 24-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, ԱՄՆ արդարադատության նախարարությունը և ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը Ծաղկաձորում անցկացրեցին թմրամիջոցների դեմ պայքարում իրավապահ կառույցների կարողությունների ամրապնդմանն ուղղված ամենամյա աշխատաժողով, որն առաջինն էր նախատեսված երեքից: Աշխատաժողովները միտված են իրավապահ կարողությունների կատարելագործմանը՝ Հայաստանի սահմաններով թմրամիջոցներ փոխադրելու փորձեր կատարող կազմակերպությունների նկատմամբ ակտիվ քրեական հետապնդումներ ու քննություններ ապահովելու և Հայաստանի սահմաններով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն թույլ չտալու նպատակով: Աշխատաժողովների անցկացման գաղափարը ծնվեց հաշվի առնելով 2014թ. հերոինի մեծ խմբաքանակների առգրավման փաստը Հայաստան-Իրան և Վրաստան-Ադրբեջան սահմանին, ինչպես նաև Հայաստանի տարածքով շրջանառվող մետամֆետամին տեսակի թմրամիջոցների ծավալների ավելացումը, այս թմրամիջոցի արտադրման դյուրինությունը ու դրա հետ կապված բարդությունները:
Ամերիկյան փորձագիտական խմբի կազմում էին Կալիֆորնիայի հարավային օկրուգի դատավոր Լարի Բերնսը, ԱՄՆ արդարադատության նախարարության առաջին ատյանի գործերով դատախազ Քելի Լ. Հարիսը, ԱՄՆ արդարադատության նախարարության Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հատուկ գործակալ Փոլ Ս. Հեքիթը և ԱՄՆ արդարադատության նախարարության Օտարերկրյա դատախազների աջակցության և ուսուցման գրասենյակի մշտական իրավախորհրդատու Ջոն Լուլեջյանը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն