Ջոն Քերին ու Սերգեյ Լավրովը քննարկել են սիրիական ճգնաժամի հարցը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են Նյու Յորքում ու փորձել են ուղիներ գտնել սիրիական ճգնաժամից դուրս գալու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ նշվում է, որ կողմերն անցկացրել են կարծիքների փոխանակություն սիրիական խնդրի վերաբերյալ:
Իր հերթին, Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի դիրքորոշումը ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցում բավական մոտ է:
«Ջոն Քերին այսօր հաստատել է, որ ԱՄՆ-ի ու նրա ստեղծած կոալիցիայի միակ նպատակը ահաբեկչության ու ԴԱԻՇ-ի դեմ պայքարն է: Դա նաև մեր նպատակն է, ու միակ բանը, որ դեռ չի ստացվում դիրքորշումների մերձեցման հարցում, այդ ընդհանուր նպատակից գործնական եզրակացություններ անելն է»,- Interfax-ը մեջբերում է Լավրովի խոսքերը:
«Սակայն միասին աշխատելու ցանկություն կա թե´ դիվանագիտական գերատեսչության գծով, թե´ զինվորականների: Որքան շատ ու պարբերաբար այդ հարցերը քննարկվեն պրոֆեսիոնալների մակարդակով, այնքան հեշտ կլինի լուծել ստեղծված խնդիրը, որը ծառացած է մեր առաջ»,- հավելել է Լավրովը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող ապստամբներին զինելու ԱՄՆ փորձերը բնութագրել էր որպես «անօրինական» ու «անարդյունավետ»: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ներգրավվածությունը սիրիական կոնֆլիկտին, հարուցում է Վաշինգտոնի աճող անհանգստությունը:
Այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ կփորձեն սիրիական հարցում գալ համաձայնության: