Ադրբեջանի կողմից սա սադրանք է, չի կարելի այս հարցը լռության մատնել. Ի. Կոնովալովը՝ Տավուշի դեպքերի մասին. tert.am
Հայկական կողմը չպետք է լռության մատնի հայ-ադրբեջանական սահմանային դրությունը, որը ադրբեջանական պրովոկացիայի հետևանք է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի «Ռազմավարական կոնյունկտուրաների» կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը: «Ադրբեջանական ագրեսիան զսպելու լավագույն տարբերակը՝ ՀԱՊԿ-ում կամ միջազգային այլ հարթակներում այդ հարցը բարձրացնելն է: Չի կարելի այս հարցը լռության մատնել: Հայաստանը պետք է քննարկման դնի այս խնդիրը»,- նշեց փորձագետը՝ շեշտելով, որ ՀՀ-ն պետք է համառ լինի ադրբեջանական պրովոկացիան միջազգային հանրությանը ցույց տալու հարցում:
– Հայ-ադրբեջանական սահմանին կրկին կրակոցներ են հնչել: Ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կրակել է սահմանի ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվել են խաղաղ բնակիչներ: Ըստ Ձեզ, ինչո՞ւ է Ադրբեջանը նման պահվածք որդեգրել:
– Կարծում եմ, որ սա ադրբեջանական կողմի պրովոկացիան է, որովհետև զոհվել են խաղաղ բնակիչներ: Մի բան է, երբ զոհվում են զինվորականները, դա միանգամայն հասկանալի է, որովհետև պատերազմական իրավիճակ է ու զինվորը զինվորի դեմ է պատերազմում, բայց մեկ այլ բան է, երբ զոհվում են խաղաղ բնակիչներ: Սա սադրանք է: Ադրբեջանական ագրեսիան զսպելու լավագույն տարբերակը հարցը ՀԱՊԿ-ում բարձրացնելն է: Չի կարելի այս հարցը լռության մատնել: Հայաստանը պետք է քննարկման դնի այս խնդիրը:
– Դեռևս մի քանի օր առաջ, սահմանային հերթական լարվածությունից հետո, ՀՀ նախագահը ՀԱՊԿ-ում խոսեց այս մասին, բայց ՀԱՊԿ-ը որևէ կերպ չարձագանքեց:
– Կարծում եմ, որ պետք է լինել ավելի համառ: Ցավում եմ, բայց ես մի փոքր վստահություն չունեմ անգամ, որ Ադրբեջանը կդադարեցնի պրովոկացիան, որ նման սադրանքներ այլևս չեն կրկնվի: Դրա համար, կրկնում եմ, սահմանային լարվածության հարցը, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը պետք է հանվեն միջազգային հանրության քննարկման հարթակ, պետք է դիմել անվտանգության միջազգային կառույցներին՝ ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին: Հայկական կողմը պետք է չկորցնի առիթն ու հայտարարություն անի այս մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որովհետև նման միջադեպերը հղի են կոնֆլիկտի լրջացմամբ: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, եթե լինենք անկեղծ, միջազգային հանրության համար այս պահին առաջնահերթ չէ, երբ ողջ աշխարհը սևեռված է «Իսլամական պետության» վրա: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն այս պահին ոչ մեկին պետք չէ, դրա համար հայկական կողմը պիտի արթնացնի, սթափեցնի սառած իրավիճակը: Իսկ լռելով դրան չես հասնի:
– Ինչո՞ւ միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, հասցեական հայտարարություններ չի հնչեցնում:
– Այս կոնֆլիկտը տևական ժամանակ է չի լուծվում, բավական հին կոնֆլիկտ է: Նման հասկացություն կա, ասում են՝ աչքդ սովորում է, երբ մարդիկ այլևս հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը լուրջ չեն ընդունում, սովոր են, ասում են՝ դե լավ, դե կրակեցին, իսկ էդ ե՞րբ չեն կրակում: Եվ հենց սա է պատճառը, որ նման միջադեպերի արժեքը նվազեցվում է: Եթե նման դեպքերը լինեին Ուկրաինայում, մթնոլորտը միանգամից կփոխվեր, խուճապի կմատնվեին, իսկ հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցածը բավական հանգիստ է ընդունվում, որովհետև սովորական է: Կարծում եմ, որ անթույլատրելի է իրավիճակը առավել սրելը, և հայկական կողմը պետք է ոչ մի կերպ թույլ չտա դա, բացատրի վտանգները միջազգային հանրությանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: