Բաժիններ՝

Պետությունը կաջակցի անապահով ընտանիքների 1-ին կուրսի ուսանողներին

ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողների ըստ սահմանված չափերի համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում պետության կողմից կտրամադրվի ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում: Նշենք, որ գործող կարգով անապահով ընտանիքների ուսանողների վարձավճարը փոխհատուցվում էր միայն երկրորդ կուրսից սկսած, իսկ այժմ այն կտրվի առաջին կուրսից:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, իրականում, շատ կարևոր որոշում ենք ընդունում: Որոշում, որի շնորհիվ տարեկան մոտ 350 առաջին կուրսի ուսանող հնարավորություն կունենա իր բարձրագույն կրթությունը ստանալ պետության աջակցությամբ: Հատուկ ուզում եմ շեշտել, որ այս որոշումը մեր ընդհանուր քաղաքականության մասն է, որի վերջնանպատակը մեր լավ ուսանողների համար բարձրագույն կրթության մատչելիության ապահովումն է: Այս նպատակին հասնելու ճանապարհին մենք օրենքով ամրագրել ենք ուսման զեղչերի համակարգ սոցիալապես ամենախոցելի ընտանիքների ուսանողների համար: Օրենքով սահմանվել է նաև բուհերի զեղչային ֆոնդի նվազագույն ծավալը, որի միջոցները ուղղվում են ուսանողներին աջակցություն ցուցաբերելուն: Գործում է նաև արտոնյալ ուսանողական վարկերի համակարգը: Մենք ներդրել ենք «Փարոս» համակարգում ընդգրկված և լավ սովորող ուսանողների համար պետական աջակցության ծրագիր երկրորդ կուրսից: Այս որոշման շնորհիվ պետական աջակցությունը հասանելի կդառնա մեր երիտասարդների համար առաջին կուրսից, ինչը շատ կարևոր հարց է և շուրջ 350 ուսանող կօգտվի այս արտոնությունից»:

Կառավարության որոշմամբ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն գիտական և գիտատեխնիկական փորձաքննության բնագավառում սահմանվել է որպես լիազոր մարմին՝ քաղաքականության իրականացման, իրավական ակտերի նախագծերի մշակման, փորձաքննության կազմակերպման ու գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում գիտական ծրագրերի և թեմաների ընտրության մրցակցային պայմանների ներդրման նպատակով: Որոշումը կնպաստի գիտության և տեխնիկայի զարգացման արդի մակարդակին համապատասխան գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի գիտական ծրագրերի և թեմաների ընտրությանը, ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը:
Գիտության ոլորտին առնչվող մեկ այլ որոշմամբ գործադիրը նախատեսում է կանոնակարգել ծրագրերում գիտական աստիճան ունեցող կատարողների ներգրավման գործընթացները: Համապատասխան որոշումը կնպաստի գիտական գործունեության համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Ըստ այդմ, առաջարկվում է ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին հավելավճար հատկացնել մեկ ծրագրից՝ դրանից առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձին համապատասխան վարձատրություն ստանալու դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս