Լևոն Տեր-Պետրոսյան. «Սա սահմանադրական բարեփոխում չէ, սա Սահմանադրության փոփոխություն է, որով քանդում են պետության հիմքերը». ilur.am

Այսօր Հայ ազգային Կոնգրեսում` ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ վարչության եւ հանրապետական խորհրդի նիստ:

Նիստում ելույթ ունեցավ նաեւ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով անդրադառնալով Հայաստանի ներկայիս վիճակին եւ երկրի ապագային` նշեց, որ «Ես կասկած չունեմ, որ հայ ժողովուրդը անկախությունը երբեք չի կորցնելու: Այսօր կա, ինչպես կլասիկն է ասել, «գաղջ մթնոլորտ»: Բայց գաղջը շուտով կցնդի, ես այստեղ էլ ոչ մի կասկած չունեմ, որ ավազակապետական իշխանությունը հեռանալու է` վաղ, թե ուշ: Իհարկե, որքան շուտ, այնքան լավ կլիներ հայ ժողովրդի համար: Բայց դա տեղի է ունենալու, թող ոչ ոք չկասկածի: Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է, ՄԱԿ-ը արդեն 70 տարվա պատմություն ունի եւ 70 տարվա մեջ ՄԱԿ-ի անդամ ոչ մի պետություն չի վերացել»:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, նախագահ Տեր-Պետրոսյանը նշեց. «Տեղի է ունենում մի կարեւորագույն իրադարձություն` Սահմանադրությունը փոխելու փորձ է կատարում Հայաստանում, որի մասին գոնե վերջին շրջանում ես չեմ խոսել, որովհետեւ իմ ընկերները այդ գործը փայլուն անում են: Քանի որ այսօր Կոնգրեսի խորհրդի եւ վարչության նիստն է, ես պարտավոր եմ իմ ընկերներին ասել իմ դիրքորոշումն այս հարցում: Նախեւառաջ գնահատել ԱԺ մեր խմբակցության աշխատանքը սահմանադրական այս ավանտյուրայի դեմ:

Հատկապես ուզում եմ նշել Արամ Մանուկյանի, Լեւոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի անխոնջ պահվածքը եւ ընդգծել նաեւ Ստեփան Դեմիրճյանի հստակ դիրքորոշումն այդ հարցում: Հիշում եք` Կոնգրեսը, ըստ էության, ստեղծվել է 2007 թվականի նախընտրական շարժման ձեւավորման ընթացքում, եւ ես պիտի գնահատեմ Ստեփան Դեմիրճյանի եւ ՀԺԿ-ի դերը մեր պայքարում եւ հատուկ նշել, որ ես Ստեփան Դեմիրճյանին համարում եմ մեր ամենապարկեշտ, կոռեկտ գործընկերը:

Բացի այդ, ուզում եմ ընդգծել նաեւ «Չեք անցկացնի» քաղաքացիական շարժման դերը»: Ինձ թվում է` դա լուրջ նախաձեռնություն է, հրաշալի մտավորականներ են այնտեղ հավաքված, եւ ես մեծ հույսեր եմ կապում այդ նախաձեռնության հետ: Եւ մենք, տեղյակ եք` համակողմանիորեն համագործակցում ենք նրանց հետ:

Սա սահմանադրական բարեփոխում չէ, սա Սահմանադրության փոփոխություն է:

Դնում են մեր նախկին Սահմանադրությունը մի կողմ եւ նոր Սահմանադրություն են ընդունում, որով քանդում են պետության հիմքերը»:

 

Տեսանյութեր

Լրահոս