«Քոչարյանները մեր ցուցակում չկան ու չեն կարող լինել. այստեղ հավաքված մարդիկ թույլ չեն տա, որ այդ ոճրագործը փորձի ակտիվանալ». Ժիրայր Սէֆիլյան
«100-ամյակը՝ առանց ռեժիմի» շարժման ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը կարծում է՝ իշխանությունը «սարսափում է» ոչ թե սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Ո՛չ»-ից, այլ այն գործընթացից, որը կարող է, վերջիվերջո, ընդդիմադիր հայացք ունեցող գործիչներին ի մի բերել, և կսկսվի իշխանափոխության գործընթաց:
Այսօր «Հիմնադիր խորհրդարանի»՝ տարբեր քաղաքական ուժերի հետ կազմակերպած հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը Ժ. Սէֆիլյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը չեն միանում այս շարժմանը: Ի պատասխան հարցին՝ Ժ. Սէֆիլյանն ասաց, որ կան տարբեր պատճառներ՝ անձնական, առողջական պատճառներ էլ կան. «Ես չեմ ուզում իրենց խոսնակի դերը կատարել այս պահին: Մենք այս ուղղությամբ ընթանալու ենք, որ բոլորին համախմբենք մի սեղանի շուրջ, ու վստահ եմ, որ, ի վերջո, մի գաղափարի շուրջ կհամախմբվենք»:
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էլ կմիանա ձեզ, Ժ. Սեֆիլյանը պատասխանեց, որ «Քոչարյաններն իրենց ցուցակում չկան ու չեն կարող լինել».
«Որովհետև նրանք ոճիր են գործել մեր ժողովրդի նկատմամբ, մենք հստակ ասել ենք, որ մենք չենք պատրաստավում համագործակցել որևէ ուժի հետ, որը Մարտի 1-ի ուղղակի կամ անուղղակի մեղսակիցն է եղել: Ուստի, Քոչարյանի մասին խոսելն ավելորդ է»:
Դիտարկմանը, թե՝ իսկ եթե Ռ. Քոչարյանն ինքը փորձի միանա՞լ, Ժ. Սէֆիլյանն այսպես արձագանքեց. «Վստահ եմ, որ այստեղ հավաքված մարդիկ թույլ չեն տա, որ այդ ոճրագործը փորձի ակտիվանալ: Իսկ եթե նա փորձի օժանդակել որևէ պրոցեսի՝ նրան ոչ ոք չի կարող խանգարել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: