«Մտել են քննարկումների փուլ, որտեղից այլևս ետ դարձի ճանապարհ չունեն». Նաիրա Կարապետյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի ելույթը ԱԺ-ում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ.
«Կցանկանայի անդրադառնալ մի դրույթի, որ տեղ է գտել Սահմանադրության նախագծում և դեռևս պարզաբանման կարիք է զգում:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից Սահմանադրության նախագծի հրապարակումից սկսած մամուլում սկսվեց շրջանառվել այն թյուր կարծիքը, թե իբր առաջարկվող Սահմանադրական փոփոխություններով հովանավորվում կամ թույլատրվում է միասեռականների միջև ամուսնությունը: Եթե սկզբնական շրջանում անգլերեն տարբերակում հոգնակի գրված տղամարդիկ և կանայք ձևակերպումները որքան էլ որ անհիմն, բայց այնուամենայնիվ տարընթերցումների տեղիք կարող էին տալ, ապա միևնույնն է, դա շտկելուց հետո էլ, թերևս իներցիայի ուժով կամ գուցե արդեն միտումնավոր չեն դադարում այդ մասին խոսակցությունները:
Փաստն այն է, որ Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է, որ պետության կողմից ընդունելի է միայն կնոջ և տղամարդու ամուսնությունը: Այս ամուսնությունն է, որ գտնվում է պետության հոգածության ներքո, քանի որ, ըստ հայկական ավանդույթի, հայկական հոգեկերտվածքի, հայկական մտածելակերպի՝ միայն կնոջ և տղամարդու միությունն է, որ կարող է համարվել ընտանիք, իսկ ընտանիքն այն բջիջն է, որը բազմանալով ապահովում է ժողովրդի հարատևությունը: Այս գիտակցումով է պայմանավորված, որ մեր ժողովրդին խորթ են և անընդունելի միասեռականների ամուսնությունները: Այս է պատճառը, որ Ցեղասպանության ենթարկվելով և ոչնչացման վտանգի միջով անցնելով հայ ժողովուրդը ընտանիքը համարել է ու համարում է բացառապես կնոջ և տղամարդու միությունը, որն ապահովում է իր կենդանությունը երկրի երեսին:
Այն, որ միասեռակաների ամուսնությունը պետականորեն չի ընդունվում Սահմանադրության այս նախագծով, պետք է պարզ դառնար Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցչի բարձրացրած այն հարցից, թե անհարժեշտ է թույլատրել միասեռականների ամուսնությունները:
Կան մարդիկ, ովքեր իրենց բարձրացրած մտահոգությունների սպառիչ պատասխան ստալուց հետո էլ հակադրաձում են, թե միևնույնն է, իրենք որևէ վստահություն չունեն և համոզված են, որ ամրագրվում է միասեռակնների ամուսնության թույլատրումը: Եկեք խոստովանենք, որ դա առնվազն կամ անլրջություն է, կամ միտումնավոր քայլ, որով փորձ է արվում ցանկացած պարագայում հակադրվել Սահմանդրական փոփոխություններին: Վստահ եմ, որ նման մարդիկ անգամ ծուլություն են դրսևորել կարդալու Սահմանդրությունը, և առհասարական նման ծուլության պատճառով է, որ մեզանում քննադատությունները առողջ և հիմնավոր լինելու փոխարեն հիմնված են բամբասանքների և ասեկոսեների վրա:
Եվս մեկ անգամ ուզում եմ մեջբերել Ամուսնանալու ազատության մասին նախագծի 34-րդ հոդվածի առաջին մասը, և հույս ունենալ, որ այս հարցը մեկընդմիշտ կփակվի: Եվ այսպես.
1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Սահմանադրական հանձնաժողովին կատարած մեծածավալ աշխատանքի համար: Այստեղ հարկ է մեջբերել Վենետիկի հանձնաժողովի եզրահանգումներից մի հատված, ըստ որի՝ «Հայաստանի Սահմանադրական հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքները չափազանց բարձր որակի են և արժանի են աջակցության ու դրվատանքի: Վենետիկի հանձնաժողովի հետ անկեղծ երկխոսության և արգասաբեր փոխանակումների մթնոլորտը շարունակական է եղել և հնարավորություն է ընձեռել Սահմանադրական հանձնաժողովին պատրաստել մի տեքստ, որն այժմ համապատասխանում է միջազգային չափանիշներին»:
Հիշեցնեմ, որ սա Վենետիկի հանձնաժողովի գնահատականն է, որը հրապարակվել է Սահմանադրության քննարկվող այս նախագծի վերաբերյալ երկրորդ նախնական կարծիքում: Հայաստանի Հանրապետության Անկախությունից հետո սա առաջին դեպքն է, երբ Վենետիկի հանձնաժողովն այսքան բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունն ու կատարված աշխատանքը:
Վենետիկի հանձնաժողովն այսքանով չի սահմանափակվում: Իր նախնական երկրորդ կարծիքում մեկ անգամ ևս ընդգծում է Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի և քաղաքացիական հասարակության հետ բաց և շարունակական երկխոսության կարևորությունը, որպեսզի այս Սահմանադրական փոփոխություններն ընդունվեն խորհրդարանի կողմից, իսկ հետագայում հանրաքվեով, ինչը, ըստ Վենետիկի հանձնաժողովի, հետագա կարևոր քայլ կհանդիսանա դեպի ժողովրդավարություն Հայաստանի անցման համար:
Այս օրերին բոլորս ականատես եղանք Հայաստանի Հանրապետության Նախագահ Սարգսյանի կողմից անցկացված բաց և շարունակական երկխոսություններին: Իհարկե, որոշ քաղաքական ուժեր պատրանք ստեղծեցին, թե չեն ցանկանում մասնակցել այդ քննարկումներին, բայց չդիմանալով գայթակղությանը, այսօր, այս դահլիճում, մասնակցում են այդ քննարկումներին: Անկախ այն հանգամանքից, թե ինչ են հայտարարում, թե որքան է թույլ է այդ հայտարարությունների տրամաբանության աստիճանը, այնուամենայնիվ, մտել են քննարկումների փուլ, որտեղից այլևս ետ դարձի ճանապարհ չունեն:
Սա իսկապես գովելի է, քանի որ հենց այսդպիսի քննարկումների շնորհիվ մենք կունենանք այն Սահմանադրությունը, որը կբխի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու շահերից»: