«Երեք նախագահների դեպքում էլ նախագահի պաշտոնն օգտագործվել է որպես քաղաքական կուսակցությունների ազդեցությունը նվազեցնելու գործիք». Գուրգեն Արսենյան
Այսօր Աժ արտահերթ նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ներկայացրեց ՄԻԱԿ-ի դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Պատմական ռակուրս կատարելով՝ Գ. Արսենյանը հիշեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի գործողությունները ՀՅԴ-ի, Ռոբերտ Քոչարյանի գործողությունները` ՕԵԿ-ի և Սերժ Սարգսյանի գործողությունները` ԲՀԿ-ի հանդեպ:
Նրա գնահատականով՝ 3 դեպքում էլ այդ 3 քաղաքական կուսակցությունների նկատմամբ մենք ունեցել ենք մեկ ինստիտուտից իրականացվող գործողություններ և նախագահի պաշտոնն օգտագործվել է որպես քաղաքական կուսակցությունների ազդեցությունը նվազեցնելու գործիք: Գ.Արսենյանը կողմ արտահայտվեց քաղաքական կուսակցություների դերի բարձրացմանն ու ՀՀ քաղաքական գործընթացներում ազդեցության ավելացմանը:
Նա նշեց, որ սահմանադրական ճգնաժամ չկա, բայց իրենք չեն կարող անմասն մնալ փոփոխություններից:
Ըստ նրա՝ հասարակությանը պարտադրում են փրկիչների ինստիոտւտը, որը ոչ մի լավ բանի չի բերի. «Ամեն քաղաքացի իր քվեարկությամբ ինքն է որոշում իր ճակատագիրը, իր երեխայի ու երկրի ճակատագիրը: Մեզ կարող է փրկել միայն մեր քրտնաջան աշխատանքը, երկրին բարիք բերելը: Փրկիչների ինստիտուտից պետք է հրաժարվել և այդ հարցում խորհրդարանական համակարգը կարող է իսկապես արդյունավետ դառնալ»:
Սակայն, Գ.Արսենյանի դիտարկմամբ, ակնաններ կան փոփոխությունների մեջ, որը սպառնալիք է մեր պետությանը: Նրա խոսքով՝ ներմուծված է ազգային փոքրամասնությունների համար ԱԺ-ում տեղեր ապահովելը, բայց մեր օրակարգում ազգային փոքրամասնությունների խնդիր չկա ՀՀ-ում, ՀՀ քաղաքացիները կարող են քվեարկել և ունենալ իրենց ներկայացուցիչը ԱԺ-ում:
«Սա ական է՝ դրված ՀՀ հետագա անվտանգության տակ, և էս ականը մի օր կպայթի, դրսից կպայթացնեն, եթե սա թողնենք»,- հայտարարեց Գ.Արսենյանը: