Արցախը նրան վերադարձնում է իր արմատներին
Կան հայեր, ովքեր ապրելով օտար երկրներում, կարեւոր ներդրում են ունենում Հայաստանի վարկանիշի եւ առհասարակ Հայաստանի զարգացման եւ բարգավաճման գործում: Հաճախ նրանց անուններն այդպես էլ անհայտ են մնում: Ոմանց մասին էլ բարեբախտաբար իմանում ենք: Նրանցից մեկն էլ Վալենտինա Կարախանյանն է՝ Վատիկանի արխիվի հետազոտողներից մեկը, ով ամուսնու՝ Լորենցո Նատալեի հետ օրերս այցելեց Արցախ:
«Ապառաժ»-ը հնարավորություն ունեցավ ծանոթանալու նրա գործունեությանն ու ապագա ծրագրերին:
Վալենտինա Կարախանյանը ծնվել է Ջավախքի Ախալցխայի շրջանի Սխվիլիսի գյուղում, ինչպես ինքն է ասում՝ հայկական արմատներին ամուր կառչած գյուղացու ընտանիքում: Ընտանիքը հաճախում էր տեղի կաթոլիկ եկեղեցի, որտեղ էլ փոքր տարիքից Վալենտինան երգեհոն էր նվագում:
«Մի օր եկեղեցու մենակատարը չկար, եւ ինձ խնդրեցին երգել նրա փոխարեն. պարզվեց՝ ինձ մոտ ավելի լավ է ստացվում երգելը, քան նվագելը»,- նշում է Վալենտինան ժպիտով:
Այդ դեպքից հետո երգը պետք է իր ավելի լուրջ մասնագիտությունների հետ համատեղ ուղեկցեր նրան:
Մինչեւ 8-րդ դասարանը սովորել է ռուսական դպրոցում, սակայն միշտ երազել է հայկական կրթություն ստանալու մասին, եւ 8-րդ դասարանն ավարտելուց հետո ծնողները նրան փոխադրել են հայկական դպրոց:
16 տարեկանում, կրթությունը շարունակելու համար, Հայաստանում առաջին հայ կաթոլիկ առաջնորդ արքեպիսկոպոս հայր Ներսես Տեր-Ներսեսյանի միջոցով փոխադրվել է Հռոմ:
Հռոմի Ուրբանյան համալսարանի աստվածաբանության եւ փիլիսոփայության բաժնի բակալավրի աստիճան ստանալուց հետո ընտրել է համալսարանի հոգեբանության բաժինը: Նա ջանք չէր խնայում ուսման մեջ հաջողությունների հասնելու համար:
«Պետք էր բավական բարձր գնահատականներ ունենայի, որպեսզի կարողանայի ընդունվել, հետո էլ շարունակել ուսումս: Բարեբախտաբար, ինձ հաջողվեցդա անել»,-նշում է նա:
Ուսման տարիներին նաեւ աշխատում էր, որովհետեւ ընտանիքը հնարավորություն չուներ նրան Եվրոպայում պահելու:
Վենետիկի Ca Foscari համալսարանի հոգեբանության ֆակուլտետի վերջին կուրսի ընթացքում հաճախում էր Պո-Արաքս մշակութային ընկերակցության կողմից կազմակերպած հայերենի դասընթացների:
«Կարող եմ ասել, որ մեծամասամբ հայերենի գիտելիքներս հարստացրել եմ Իտալիայում»:
Ուսումն ավարտելուց հետո նրան առաջարկել են աշխատել ՀՀ դեսպանատանը, որտեղ աշխատել է մինչեւ վերջերս՝ միաժամանակ շարունակելով իր հետազոտական աշխատանքները:
Սակայն այսքանով չավարտվեց նրա ուսումնառությունը: Նա ընդունվեց արխիվիստիկայի` պալեոգրաֆիայի եւ դիվանագիտության վատիկանյան դպրոցը, որը երկու տարին մեկ աշխարհի տարբեր երկրների դիմորդների համար 30 տեղ է տրամադրում: Դպրոցն ավարտելուց հետո Վալենտինան Վատիկանի գաղտնի արխիվներում հետազոտությամբ զբաղվում:
«Ինձ համար դա նախախնամություն էր, որովհետու իմ երազանքն է եղել` ուսումնասիրել եւ կապ ունենալ այն ամենի հետ, ինչն ինձ հարազատ է: Ես մեծացել եմ փոքր, սակայն մտերմիկ կաթոլիկ միջավայրում: Պատանեկությունս ու երիտասարդությունս անցկացրել եմ մի քաղաքում, որն ամբողջությամբ կաթոլիկ էր: Սկզբում ինձ թվում էր՝ մի մեծ տաճարում եմ գտնվում»,- ասում է:
«Շատ է խոսվում Հայոց Ցեղասպանության գաղտնի փաստաթղթերի մասին, այն մասին, թե ինչ է պարունակում Վատիկանը, ինչն է լույս տեսել, ինչն է, որ չեն թողնում, ինչն է գաղտնի: «գաղտնի» բառը բոլորիս գրավում է՝ ձգողական մի բան ունի իր մեջ: Ես ինքս ցանկություն ունեի հասնել այնտեղ»:
Այժմ իտալացի գործընկերոջ՝ Օմար Վիգանոյի հետ Վատիկանի արխիվներում ուսումնասիրում են Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերը, եւ այս տարվա նոյեմբերին պատրաստվում են գիրք հրատարակել, որտեղ ամփոփված կլինեն այդ բոլոր փաստաթղթերն ու նամակները:
Վալենտինան հուսով է, որ գիրքը կթարգմանվի նաեւ հայերեն եւ անգլերեն:
Գրքի ֆինանսավորման մասին խոսելիս Վալենտինան նշում է, որ դա մի աշխատանք է, որի դիմաց պատասխան չի կարող ակնկալել, պահանջել կամ սպասել: Նրա խոսքերով՝ դրա հատուցումն այլ ձեւ է լինելու՝ հոգեկան բավարարության ձեւով:
«Առկա են Վատիկանի արխիվների տպագրություններ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որոնք ժամանակագրական հերթականությամբ տեղադրված նամակներ են: Դա երեւի դժվարությամբ կհասկանան այն մարդիկ, ովքեր Ցեղասպանության մասին քիչ տեղեկություն ունեն: Օմար Վիգանոյի հետ որոշեցինք ամեն ինչ հավաքել եւ մատուցել ընթերցողին ավելի մատչելի եւ հասկանալի լեզվով, նամակները հրապարակել՝ հյուսելով պատմության հետ այնպես, որ նամակներն ու փաստաթղթերը պատմեն պատմության մասին: Մենք ոչինչ չենք ավելացրել՝ բացի ստույգ պատմական փաստերից»:
Ուսումնասիրությունների ընթացքում նրանք հայտնաբերեցին մի շատ հետաքրքիր գիրք, որը «սպիտակ գիրք» է կոչվում եւ որն առաքվել էր Վատիկանի տարբեր ներկայացուցչություններին դեռեւս 1916 թվականին: Այդ գրքում ամփոփված են առաջին աշխարհամարտի վերաբերյալ Վատիկանի դիրքորոշումները: Իսկ գրքի մի մեծ հատված հատկացված է Հայոց ցեղասպանությանը:
Դա մի փաստաթույթ է, որը մինչեւ հիմա լույս չի տեսել: Հրապարակման տարիներին, լինելով ներքին շրջաբերական, վերապահված էր միայն դիվանագետների օգտագործմանը:
Վալենտինան նշում է, որ մինչեւ հիմա իրենց ուսումնասիրածն ու հայտնաբերած, ըստ էության չի տարբերվում Ֆրանչեսկոս պապի հայտարարարություններից:
«Պապի հայտարարությունը շատ դիպուկ էր, սակայն դա ի սկզբանե եղել է Վատիկանի դիրքորոշումը»:
Առաջիկա աշխատանքների եւ պլանների մասին խոսելիս` Վալենտինան նշում է, որ մեծ ցանկություն ունի նաեւ գիրք հրապարակել Վատիկանի արխիվներում առկա Հայաստանի Առաջին Հանրապետության վերաբերյալ փաստաթղթերի մասին:
«Ես մեծ ցանկություն ունեմ Վատիկանից ձեռք բերել այդ փաստաթղթերը, ինչը մեծ աշխատանք է պահանջում եւ մեծ գումարների հետ է կապված: Իմ միակ մտավախությունն այն է, որ Հայոց ցեղասպանությանը եւ Հայաստանի առնչվող փաստաթղթերի մեջ կան փաստաթղթեր, որոնք գրված են գրամեքենայով. թանաքի որակը լավ չի եղել եւ այդ գրերը կամաց-կամաց կորցնում են իրենց գույները: Պետք է ռեսուրսներ գտնել եւ այդ փաստաթղթերը թվայնացնել:
Վալենտինան վստահ է, որ վերջին տարիներին իտալացիները շատ են հետաքրքրվում հայերի եւ առհասարակ քրիստոնյաների ջարդերով:
«Եվրոպան հիմա կարծես թե բացում է աչքերը` տեսնելով 100 տարի առաջ իրագործված ոչ միայն հայերի, այլեւ քրիստոնյանների ջարդերն ու տառապանքները: Իտալիայում շատ մեծ ճանաչում ստացավ Հայոց ցեղասպանությունը Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» գրքից, այնուհետեւ ֆիլմից հետո»:
Վալենտինան անմասն չէ Հայոց ցեղասպանության մասին պատմող այդ հանրահայտ ֆիլմից: Ֆիլմում հնչող «Ով սիրուն, սիրուն» երգը հենց նա է կատարում: Ֆիլմի որոշ մասերի կոմպոզիցիան նաեւ նա է կատարել:
Ինչպես նշել էինք, երգը միշտ ուղեկցել է նրան: Հռոմ տեղափոխվելուց անմիջապես հետո երգում էր Հռոմի Լեւոնյան վարժարանի երգչախմբում: Այսօր այնտեղ գործում է քառաձայն երգչախումբ, որը նա է վարում: Հայկական պատարագներին այսօր նաեւ իր իտալացի ամուսին Լորենցո Նատալեն է մասնակցում:
Խոստովանում է, որ միշտ ցանկություն է ունեցել վերադառնալ Հայաստան կամ Ջավախք, սակայն հասկացել է, որ դրսից գուցե ավելի մեծ օգուտ բերի հայությանը:
Վալենտինան Աշոցքի «Տիրամայր Նարեկ»-ի իտալական հիվանդանոցի ներկայացուցիչն է Իտալիայում: Հիվանդանոցը երկրաշարժից հետո Հռոմի պապ սուրբ Հովհաննես Պողոս երկրորդը նվիրել է Հայաստանին, եւ ինչպես նա է ասում` կարծում էր, որ ամենատրամաբանականը հայրենիք վերադառնալը եւ այնտեղ աշխատել էր:
«Իմ գործը հիվանդանոցի համար միջոցներ հայթայթելն է, որովհետեւ այդ շրջանում կենսական նշանակություն ունի հիվանդանոցը»,- ասում է նա:
«Առաջ քայլելով` նոր դռներ ու ճանապարհներ են բացվում, երբ ինձ թվում էր, թե տվյալ բանը մաքսիմումն է, որ կարող եմ անել: Այսօր 36 տարեկան եմ, եւ հասկանում եմ, որ դա ընդամենը սկիզբն էր»:
Վալենտինան խոստովանում է, որ Արցախ այցը նրան, նախ եւ առաջ, վերադարձնում է իր արմատներին, նոր լիցքեր հաղորդում եւ նաեւ պարտավորեցնում՝ ավելի մեծ եռանդով աշխատել:
«Հայրս, 10 տարի է, ինչ մահացել է, սակայն նա միշտ մեզ ասում էր, որ մեր երկիրը Հայաստանն է: Այդ ներքին զգացումը միշտ ուղեկցել է ինձ, սակայն այն լավագույնս այստեղ եմ զգում, Հայաստանի այս հրաշալի մասնիկում՝ Արցախում: Այստեղ ականատեսը եղա այն բանի, որ ամուր ընտանիքներն են ամեն ինչի հիմքն ու հումուսը: Արժանապատվությունն ու սեփական հողի նկատմամբ հարգանքն ամեն քայլափոխի ուղեկցում են քեզ Արցախում: Ես եւ ամուսինս դեռ կվերադառնանք եւ մեր ջանքերը չենք խնայի Հայաստանի համար, որն իր մեջ ներառում է նաեւ Արցախը»:
Աղբյուրը՝ aparaj.am: