Ներգաղթյալների ճգնաժամ. Խորվաթիան փակում է Սերբիայից եկող ճանապարհները

Ներգաղթյալների չդադարող հոսքի պատճառով խորվաթական ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ սահմանային 8 անցակետերից 7-ը: Փակ են նաև ճանապարհներն ու բոլոր հնարավոր անցումները: Միջոցառումը գործելու է մինչև հատուկ հրամանի արձակումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ Խորվաթիայի իշխանությունները հայտարարել էին, թե այլևս չեն կարող ընդունել ներգաղթյալների, ովքեր երկրի միջոցով հույս ունեն հասնել Արևմտյան Եվրոպայի երկրներ:

Սեպտեմբերի 23-ին հրավիրվել է Եվրամիության գագաթաժողով, որի գլխավոր թեման լինելու է փախստականների հետ կապված վիճակը:
Դրա հետ կապված՝ Սերբիայի հետ սահման են ուղարկվելու բանակային հավելյալ ստորաբաժանումներ՝ անհրաժեշտության դեպքում սահմանը փակելու համար:
Վերջին օրերին, ինչպես հաղորդվում է, Խորվաթիայի տարածք է մուտք գործել շուրջ 7,3 հազար մարդ: Խորվաթական իշխանությունները հայտարարել են, որ ներգաղթյալները պետք է փաստաթղթեր ներկայացնեն ապաստանի տրամադրման համար, հակառակ դեպքում կդիտվեն որպես սահմանախախտներ:

Ավելի վաղ երկիրը հայտարարել էր, թե ներգաղթյալներին կթույլատրվի շարունակել ճանապարհը դեպի ԵՄ երկրներ իր երկրի տարածքով:
Սերբիայում գտնվող ներգաղթյալների մի խումբ կարողացել է հատել  Խորվաթիայի հետ սահմանը ու մուտք գործել Տովարնիկ քաղաքի շրջան: Ոստիկանությունը չի կարողացել կանգնեցնել մի քանի հարյուր փախստականի, ովքեր երկար ժամանակ սպասում էին սահմանը հատելու թույլտվություն ստանալուն: Վիճակը բարդանում է ուժեղ շոգերի պատճառով: Բազմաթիվ ներգաղթյալներ հյուծված են ու տառապում են ծարավից: Նրանց թվում կան բազմաթիվ կանայք ու երեխաներ:
Նախօրեին Սլովենիան կանգնեցրել էր մոտ 200 ներգաղթյալի տեղափոխող գնացքը Խորվաթիայի հետ սահմանին: Փախստականներին մտադիր են հետ ուղարկել Խորվաթիա:

migrant1 migrant migrant2

Նախօրեին հունգարա-սերբական սահմանին բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների ու ներգաղթյալների միջև, որոնք ցանկանում էին մուտք գործել Հունգարիա: Հունգարիայի ոստիկանությունը կիրառել էր ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ: Վնասվածքներ էին ստացել բազմաթիվ փախստականներ, ինչպես նաև շուրջ 20 հունգարացի ոստիկան:

Հունգարիայի ԱԳՆ-ն կոչ է արել Սերբիայի իշխանություններին ուժ կիրառել փախստականների նկատմամբ, ովքեր փորձում են հատել սահմանը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել հաջորդ շաբաթ ԵՄ երկրների ղեկավարների արտակարգ հանդիպում հրավիրել՝  քննարկելու ներգաղթյալների հետ կապված խնդիրները:

Տեսանյութեր

Լրահոս