«Սա կոնսոլիդացիա է վաղվա Հայաստանի, վաղվա ավելի արդյունավետ, ժողովրդավար պետության գաղափարի շուրջ»
Ասում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը
– Տիկին Նաղդալյան, ինչպե՞ս կբնութագրեք ԱԺ-ում ընթացող Սահմանադրության նախագծի այսօրվա քննարկումը՝ բովանդակային առումով:
– Երրորդ օրն է Ազգային ժողովում ընթանում է Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումը, որը կերկարացվի նաև մեկ լրացուցիչ օրով՝ արտահերթ նիստով: Նախագիծը 120 րոպե ներկայացնելուց հետո հիմնական զեկուցող՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչ Վ. Պողոսյանը և հարակից զեկուցող՝ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Սահակյանը պատասխանեցին նաև 35 պատգամավորների հարցերին, գրվել են ելույթներ և ելույթ կունենան 50-ից ավելի պատգամավորներ: Արդեն շուրջ 15 ժամ տևող Սահմանադրական բարեփոխումների քննարկումների ընթացքում 20 ընդդիմադիր պատգամավոր ստացան իրենց հարցերի մանրամասն պատասխանը, անում են առաջարկներ և դիտարկումներ, որոնք վստահ եմ, օգտակար են լինելու և հարստացնելու են նախագիծը:
Խիստ բովանդակային քննարկում է գնում: Ի պատիվ մեր ընդդիմադիր գործընկերների, պետք է ընդգծեմ նաև իրենց /ճնշող մեծամասնությամբ/ խիստ շահագրգիռ մասնակցությունը, բովանդակային քննարկումները, հարցերը և առաջարկները, որոնց մի մասը նույնիսկ հիմա զեկուցողի համար ընդունելի կամ քննարկելի է: Երբ խոսում են լայն հանրային քննարկումների մասին, ուզում եմ ասել, ըստ իս, սա իրական կոնսոլիդացիա է՝ կոնսոլիդացիա վաղվա Հայաստանի, վաղվա ավելի արդյունավետ, ժողովրդավար պետության գաղափարի շուրջ: