Մինչ Մայդանը Պորոշենկոն Յանուկովիչին է նվիրել Այվազովսկու 1,8 մլն դոլարանոց կտավը
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ադմինիստրացիայի նախկին աշխատակից Անդրեյ Պորտնովը վստահ է, որ երկրի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն մինչև Մայդանի դեպքերը ոչ միայն լավ հարաբերությունների մեջ է եղել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, այլև նրան նվիրել է համաշխարհային գեղանկարչության գլուխգործոցներ: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Facebook-ի իր էջում նախկին պաշտոնյան գրառում է կատարել ու հիշել մի դեպք, երբ 2012թ. Պորոշենկոն Յանուկովիչի ծննդյան կապակցությամբ նրան է նվիրել աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Կոստանդնուպոլիսն արևածագին» կտավը:
Տղամարդը հրապարակել է նաև կտավի լուսանկարը:
1851թ. նկարված կտավի գինը Sotheby’s աճուրդի տանը 2007թ. կազմել էր 1,8 մլն դոլար: Պորտնովի խոսքով՝ Պորոշենկոն կտավը ձեռք էր բերել Ուկրաինայում միջնորդների օգնությամբ:
Վիկտոր Յանուկովիչի ադմինիստրացիայի ղեկավարի նախկին տեղակալը ասել է, որ դրանով Պորոշենկոն պատասխան քայլ էր ակնկալում Յանուկովիչից, այն է՝ նշանակվել Կիևի քաղաքապետ կամ նախարար:
Նշենք, որ Յանուկովիչի Մեժիգորյեի նստավայրում, ըստ լրագրողների, պահվել են Շիշկինի ու Այվազովսկու կտավներ: