Charlie Hebdo-ն հրապարակել է ծովում խեղդված սիրիացի փոքրիկի ծաղրանկարները
Charlie Hebdo երգիծական ամսագիրը հրապարակել է սիրիացի 3 տարեկան տղայի՝ Այլան Քուրդիի լուսանկարները, ում մարմինը հայտնաբերվել էր Թուրքիայի Բոդրում քաղաքի ափին:
Ծաղրանկարներն առաջացրել են հասարակության վրդովմունքը, հայտնում է The Daily Mirror-ը: Պարբերականը հայտնում է, որ ամսագրի շապիկին պատկերված է մահացած երեխան ու կից կա գրություն՝ «Նպատակին այդքան մոտ»: Հարևանությամբ երևում է արագ սննդի ռեստորանի գովազդ հետևյալ խոսքերով. «Երկու մանկական մենյու մեկի գնով»:
Երկրորդ ծաղրանկարը՝ «Ապացույց, որ Եվրոպան քրիստոնեական է» գրությամբ, պատկերում է ջրի վրայով քայլող Հիսուսին ու խեղդված երեխային: Ծաղրանկարին կից կա «Քրստոնյաները քայլում են ջրի վրայով, իսկ մուսուլման երեխաները խեղդվում են» գրությունը:
Սոցցանցերի օգտատերերը քննադատությունների տարափ են տեղացել ամսագրի հասցեին:
Ֆրանսիայի սևամորթ փաստաբանների ասոցիացիան, կապված ամսագրի հրապարակումների հետ, սպառնացել է հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան:
Ամսագրի հեղինակների կարծիքով՝ իրենք օգտագործում են ռասիստական ու կրոնական կարծրատիպերը՝ դրանք ծաղրելու նպատակով:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Էգեյան ծովում՝ Թուրքիայի Բոդրում քաղաքի մոտ, նավակների շրջվելու հետևանքով 12 սիրիացի փախստական էր խեղդվել:
The Guardian-ը հրապարակել էր կադրեր, որտեղ երևում էր, թե ինչպես է ծովափին ընկած մի խեղդված փոքրիկ:
Երեխան 3-ամյա Այլան Քուրդին էր Սիրիայի Քոբանի քաղաքից: Նրա հետ միասին խեղդվել էին 5 տարեկան եղբայրն ու մայրը: