Վարչապետ Աբրահամյանը հանդիպում է ունեցել մի խումբ մտավորականների հետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է անվանի գրող Պերճ Պռոշյանի Աշտարակում գտնվող տուն-թանգարան: Կառավարության ղեկավարը շրջել է թանգարանով՝ ծանոթացել գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին:
Այնուհետև վարչապետ Աբրահամյանը հանդիպել է մի խումբ մտավորականների՝ գրողների, երաժիշտների, նկարիչների, թատրոնի և կինոյի գործիչների հետ: Անմիջական զրույցի ընթացքում արվեստագետները խոսել են իրենց բնագավառներում իրականացվող ծրագրերի և հուզող խնդիրների մասին: Հովիկ Աբրահամյանը պատասխանել է նաև մտավորականներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ինչպես մշակույթի բնագավառին, այնպես էլ կառավարության առաջնություններին և իրականացվող ծրագրերին:
Վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը և նշել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ: