Արշակ Սադոյանի կոչը «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը

«Երբ «Ո՛չ թալանին» շարժումը դեռ Ազատության հրապարակում էր, և չէին գնացել Բաղրամյան, գնացի, որ հարթակից խոսեմ, բայց տղաները մոտեցան ու ասացին. «Պարոն Սադոյան, գիտենք, որ դուք մեզ կարող եք օգտակար լինել, բայց եթե ձեզ խոսք տանք, պետք է ՕԵԿ-ին էլ տանք, իսկ մենք որոշել ենք մեր ուժերով անել»: Ասացի՝ շատ լավ եք անում, ես հենց հիմա հարթակից կիջնեմ,- այսօրվա ասուլիսին ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը և հավելեց,- Երիտասարդները միայնակ, առանց քաղաքական ուժերի՝ կարողացան հոյակապ շարժում կազմակերպել, նույնիսկ ջրելուց հետո նորից աճեցին, երկու շաբաթ մնացին Բաղրամյանում, որից հետո հասան մեծագույն հաջողության. նախագահն ասաց, որ աուդիտ պետք է անցկացնեն, և մինչև դրա ավարտը ժողովուրդն ավելացված գումարը չպետք է մուծի: Մեկ էլ հանկարծ վարչապետն ասաց, թե մեծ կառույցներին դա չի վերաբերում: Ֆորմալ տեսանկյունից հակասում է՝ նախագահը մի բան է ասում, վարչապետը՝ մի: Բայց, բոլոր դեպքերում, երիտասարդները պետք է պայքարեն ու ստիպեն, որ արդար աուդիտ լինի, ինչը նշանակում է, որ էլեկտրաէներգիան ոչ միայն չի թանկանա, այլև կէժանանա: Հարգելի «Ո՛չ թալանին» շարժման ներկայացուցիչներ, հանկարծ չզիջեք, անընդհատ պայքարեք, որովհետև իսկապես ռեալ հնարավորություն կա՝ հաջողության հասնելու»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս