Կարեն Բեքարյանը ստանալով պատգամավորական մանդատ՝ կշարունակի ղեկավարել «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ-ն

«Կառույցում պատգամավորական մանդատը ստանձնելու որոշումը կոնսենսուսով է ընդունվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով պատգամավորական մանդատ ստանալու շուրջ հարցին:

Նա ընդգծեց, որ հպարտ է իր ղեկավարած կառույցով, որը երբևէ հանրային կյանքում իրենից չի ներկայացրել մարդ-կազմակերպություն, այսինքն՝ եղել է մեծ թիմ, անկախ իր ներսում եղած քաղաքական հայացքներից՝ կարող և կայուն:

«Կա ձևավորված հետաքրքիր ու կարևոր ավանդույթ բոլոր տիպի հարցերում, որոնք հանգուցային նշանակություն ունեն, կա միասին որոշում ընդունելու գործընթացը: Եթե խոսքն ԱԺ-ին է վերաբերում, առաջին անգամ մեծ քննարկում ենք ունեցել, երբ ես առաջարկ եմ ստացել մտնելու ցուցակ երեք տարուց ավելի առաջ, այդ քննարկման արդյունքում նաև իմ գործընկերների կողմից ներկայացված մոտեցման մեջ եղել է, որ կարելի է մտնել ցուցակ. ես մտել եմ՝ չիմանալով՝ որ համարը և որ տեղում կլինեմ: Երկրորդ քննարկումն ունեցանք, երբ հերթը եկավ Արփինե Հովհաննիսյանի նշանակմանը, մենք ունեցել ենք երկրորդ քննարկումը մինչ այն պահը, երբ ես պաշտոնապես ասել եմ, որ չեմ հրաժարվում: Վերջապես երրորդը. ամսի 9-ին մենք ունեցել ենք վարչության ընդլայնված նիստ, որտեղ եղել է քննարկումը՝ շարունակո՞ւմ եմ արդյոք պաշտոնավարել՝ այո-ոչ, եթե՝ այո, ապա ի՞նչ ձևով: Մեր ընդհանուր քննարկումների արդյունքում հասել ենք որոշման, որ ես շարունակում եմ պաշտոնավարել՝ որպես հ/կ նախագահ, բայց լիազորությունների բավականին հատված հանձնվում է կառույցում երկու պատասխանատուների նախագահի՝ տեղակալին և պատասխանատու քարտուղարին: Կոնսենսուս եղավ դրա շուրջ: Կարող եմ ասել, որ այն, ինչ որոշվել է՝ արդյունք է կոլեգիալ մեծ քննարկումների, և ես ուրախ եմ, որ կոնսենսուսով ենք որոշման հանգել, և որևէ բացասական երանգ չկա»,- ասաց Բեքարյանը: Վերջինս ընդգծեց, որ կուսակցական պատկանելություն չի ունեցել, չունի, իսկ ԱԺ-ում նախընտրում է ընդգրկվել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

 

Տեսանյութեր

Լրահոս