«Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակում իրենց պատասխանատվության բաժինն ունեն նաև միջազգային կազմակերպությունները». Կարեն Բեքարյան

«ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին:

Նա նշեց, որ բոլորս ականատեսը եղանք հերթական սրացումներին թե՛ ՀՀ-Ադրբեջան, թե՛ ԼՂՀ-Ադրբեջան սահմաններին: Ըստ բանախոսի՝ այս սրացումն ունի որոշակի տարբերություններ մինչ այդ արձանագրվածներից, որովհետև մենք հիմա տեսնում ենք, որ փաստացի զինատեսակների տրամաչափը բավական ինտենսիվ փոփոխություններ է կրում, և օգտագործվում են այնպիսի զինատեսակներ, որոնք մինչ այդ չէին օգտագործվում կամ օգտագործվում էին շատ հազվադեպ, ինչն արդեն ոչ թե դիտվում է՝ որպես մեկանգամյա գործողություն, այլ խաղի կանոն՝ հրադադարի ռեժիմի պահպանման դեպքում:

Այս իրավիճակում, նրա խոսքով, մի շարք հարցեր են առաջանում:
Կ. Բեքարյանն ասաց, որ ճշմարտություն է՝ արտաքին քաղաքականությունը երկրի ներքին քաղաքականության շարունակությունն է:

«Տեսնում ենք՝ ինչպիսին է իրավիճակն Ադրբեջանում՝ կապված ակտիվիստների, լրագրողների հետ, տեսնում ենք հետապնդումների աճը և նաև տեսնում ենք, թե ռեժիմն ինչպես է խստացրել իր գործիքակազմը:

Միամտություն կլինի ակնկալել, որ ռեժիմը չի սրացնի իրավիճակը սահմանին: Տեսնում են, որ Ադրբեջանում իշխող ռեժիմը հայտնված է բավականին պարանոիկ իրավիճակում, որն իր ազդեցությունն է ունենում թե՛ իր իսկ հանրության, ժողովրդի վրա, թե՛ նաև մեր և ԼՂՀ մեր հայրենակիցների վրա: Այս ամենում իրենց որոշակի պատասխանատվության բաժինն ունեն միջազգային կազմակերպությունները, որոնք այս կամ այն կերպ փորձել են համահարթեցնել իրավիճակը:

Ամենաթարմ օրինակը՝ Պետդեպի հայտարարությունը ԼՂՀ-ում ամսի 13-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ. նույն անդրադարձում մեկ պարբերությամբ անդրադարձ կա սահմաններին տիրող իրավիճակին, և համահարթեցված վիճակ կա Հայաստանի և Ադրեջանի նկատմամբ:

Շատ կարևորում եմ անցկացվելիք ՏԻՄ ընտրությունները, դրանց անցկացման որակը մեծագույն ապացույցն են նրա, որ որևէ մեկի մտքով չանցնի, թե ԼՂՀ-ն իր ձեռք բերած ժոովրդավարությամբ իր հետագան, իր ապագան կապելու է Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով այնտեղ տիրող իրավիճակը»,- ասաց Կ. Բեքարյանը՝ կարևորելով նաև Հայաստանում անցկացված «Շանթ 2015» զորավարժությունները:

Տեսանյութեր

Լրահոս