Բաժիններ՝

«Հիմա ես բացում եմ europabet… ո՞նց եք ինձ վերահսկելու». Վարդան Այվազյանը՝ Վախթանգ Միրումյանին

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում: Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հարցի ներկայացման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց, որ նախագծով արգելվում է ինտերնետ շահումով խաղի կամ դրանց կազմակերպիչների գովազդը, բացառությամբ՝ անմիջականորեն (խաղասրահների միջոցով) ինտերնետ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ դրանց վրա, Հայաստանի սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների:

Ըստ նրա՝ նախագիծը մշակվել է սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության, ինտերնետ շահումով խաղերի գովազդի միջոցով անչափահասներին և քաղաքացիներին մոլախաղերով հրապուրվելու, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելման նպատակով:

Փոխնախարարը նշեց, որ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման նկատմամբ սահմանափակումները չեն տարածվում, չնայած այն հանգամանքին, որ, ըստ էության, ինտերնետ շահումով խաղը նույնպես համարվում է շահումով խաղ, և նրա հանդեպ պետք է կիրառվեն այն բոլոր սահմանափակումները, որոնք ուղղված են սպառողների, մասնավորապես՝ անչափահասների իրավունքների և շահերի պաշտպանությանը:

Վ.Միրումյանի խոսքով՝ անցում է կատարվում պարզ ընթացակարգից՝ բարդի: Օրինագիծն ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման բնագավառի կարգավորման մեխանիզմների կատարելագործման նպատակ ունի:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հետաքրքրվեց, թե՝ եթե անցնում են բարդ ընթացակարգի՝ «Ո՞նց եք վերահսկելու»:

«Հիմա ես բացում եմ europabet… ես չէ,- իրեն ուղղեց Վ.Այվազյանն ու անմիջապես էլ մտափոխվեց,- Այո, նաև ես, ո՞նց եք վերահսկելու»:
Վ. Միրումյանը համաձայնեց, որ վերահսկողությունը շատ դժվար է:

«Կամ լրիվ բաց թողեք, կամ փակեք: Սենց կիսատ չի լուծվում հարցը, կիսամենաշնորհային չի լինում»,- կոչ արեց Վարդան Այվազյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս