Նոր զարգացումներ կուրսանտի սպանության գործով

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նոր հանգամանքներ են հայտնի դառնում: Մեզ մասնավորապես հայտնի է դարձել, որ դեպքի վայրի զննությամբ գրություն է հայտնաբերվել, և նախաքննությունն իրականացնող մարմինը փորձաքննություն է նշանակել՝ պարզելու համար, թե ում կողմից է այն գրված եղել:

Ինչպես հայտնի է, 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում հայտնաբերվել էր զինծառայող Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի վայրի զննության արդյունքների, նախապատրաստված նյութերի հիման վրա դեպքից քիչ անց հարուցվել էր քրեական գործ սպանության հոդվածով:
Պարզվում է, որ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դեպքի վայրի զննությամբ զորանոցի պահարանում հայտնաբերվել է պատռված թղթե պատառ: Այս մասին ի պատասխան մեր հարցման` հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ըստ կոմիտեի պատասխանի՝ հայտնաբերվել է թղթե պատառ՝«ոչ մեկ մեղավոր չի ու կապ չունի ուղակի հոգնել եմ ու անհետաքրքիրա քաշքշուկի համար կներեք» գրառմամբ: «Սակայն նշանակված դատաձեռագրաբանական երկու փորձաքննությունների արդյունքներով հստակ չի պարզվել, թե այդ գրառումը կատարվել է Հ. Բարսեղյանի՞, թե՞ գործով մեղադրյալ Մ. Ազարյանի կողմից»,- ասված է Քննչական կոմիտեի պատասխանում:

Կուրսանտի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա 4 համածառայակցի: Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Պարզվում է՝ նախաքննության ընթացքում չորս մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները լրացվել և նրանց նոր մեղադրանքներ են առաջադրվել:

ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնել են, որ Գնել Թևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն, և 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը:

Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, 359-րդ հոդվածի 1-ին մասով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 359-րդ հոդվածի 1-ին մասով:

Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն, և 359-րդ հոդվածի 1-ին մասով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:
Վաչե Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, 359-րդ հոդվածի 1-ին մասով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

 

Տեսանյութեր

Լրահոս