«Լսե՛ք, սա պատերազմ է, իսկ մենք լռում ենք». Նորատ Տեր-Գրիգորյանց. Lragir.am
Սահմանային միջադեպերի վերաբերյալ Lragir.am-ը զրուցել է գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ:
– Պարոն Գրիգորյանց, վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական սահմանին անհանգիստ վիճակ է: Ինչո՞վ եք պայմանավորում հակառակորդի ակտիվացումը եւ ի՞նչ վտանգ եք տեսանում այս ամենում:
– Սա սովորական դարձած երեւույթ է, սովորական դարձած հրաձգություն: Դա շարունակվում է ամեն տարի, շարունակական կերպով եւ հազարավոր անգամներ խախտվում է հրադադարը: Եւ դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ մենք հայերիս շատ հզոր պատասխան չտանք թշնամուն, ցույց չտանք մեր ուժը, որովհետեւ չի կարելի թշնամու հետ մեղմ խոսել, թե լավ էլի, մի՛ արա այդպես: Ո՛չ, հարկավոր է ուժ ցույց տալ, եթե մի անգամ կրակեց, մենք պետք է տասը անգամ լավ զարկենք ու կանգնենք, զարկենք ու կանգնենք, որ իմանան, որ հայերը կատակել չեն պատրաստվում, զգուշացնում են: Մենք չպետք է վախենանք՝ քաղաքական, ռազմական առումներով: Կապ չունի, հզոր ապտակ է պետք հասցնել: Առավել եւս կրակոցներն ակտիվացել են Տավուշի մարզում:
Սա անկախ, ճանաչված պետություն է: Ղարաբաղը չէ: Ադրբեջանի անկախ հանրապետությունը կրակ է բացում Հայաստանի անկախ Հանրապետության ուղղությամբ: Սա ի՞նչ բան է: Սա շատ վտանգավոր երեւույթ է: Այստեղ պետական մակարդակով պետք է հնչեցնել բողոքի նոտա: Երկրի ղեկավարը պետք է անհապաղ եւ վճռական հանդես գա հայտարարությամբ, դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, դատապարտի Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը: Այս հարցում այսպիսի մոտեցում է պետք ցուցաբերել, պետք է կիրառել հետեւյալ գործիքները՝ դիվանագիտություն եւ պետական մակարդակով բողոքի նոտա:
Ես եթե լինեի երկրի ղեկավարի փոխարեն, ես պաշտոնապես եւ անհապաղ հանդես կգայի հայտարարությամբ, կհրավիրեի համապատասխան մարմինների ուշադրությունը, Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ քննարկում կհրավիրեի: Պետք է դատապարտել եւ ձեռնարկել կտրուկ միջոցներ, ընդհուպ մինչեւ նախագահ Ալիեւին միջազգային ռազմական տրիբունալին հանձնելը: Նրան պետք է դատել, որովհետեւ ագրեսոր է : Իսկ դուք ի՞նչ եք մտածում, այդպես է պետք անել: Ադրբեջանի ժողովուրդը եւս պետք է վերանայի իր նախագահի տեղն ու դերը, որովհետեւ Ալիեւը ադրբեջանցի զինվորներին էլ զոհաբերում է: Այո, ես անկեղծ եմ ասում, արդեն թոշակառու եմ, գեներալ լեյտենանտ, ճիշտն եմ ասում, ինձ չեն նստեցնի (ծիծաղում է):
– Իսկ ինչու՞ չի արվում. Ձեր կարծիքով:
– Ես չգիտեմ՝ ինչու չի արվում: Դուք նախագահ եք ընտրել, իսկ նա չի անում, ինչու՞ չի անում, պահանջե՛ք: Սա ղարաբաղյան պատերազմը չէ: Եթե Ղարաբաղի ուղղությամբ արձակվեին կրակոցներ, դա դեռ հասկանալի է, մենք գիտենք դա ինչ է, բայց երբ քո երկրի վրա են հարձակվում… Կներեք, բայց դա արդեն լրիվ այլ հարց է: Սա պետական շատ կարեւոր հարց է, պետության անվտանգության հարցն է: Հայաստանը պետք է հայտարարի Ադրբեջանի կողմից իրավունքների կոպտագույն խախտման մասին, որ Ադրբեջանը ոչ միայն Թուրքիայի հետ միասին մեկուսացման մեջ են վերցրել Հայաստանին, այլ նաեւ կրակահերթեր են տեղի ունենում:
– Ուզում եք ասել մեր պասիվությունից հակառակորդը օգտվու՞մ է եւ ավելի՞ է ամրապնդում իր դիրքերը տարածաշրջանում:
– Իհարկե: Պետք չէ ոչնչից վախենալ: Աշխարհում մեռնել կա: Ումի՞ց, ինչի՞ց վախենալ: Դա քո իրավունքն է, ինչի՞ց ես վախենում: Հիմա փորձիր ԱՄՆ-ի վրա հրթիռ արձակել: Ի՞նչ կկատարվի քո հետ: Կոչնչացնեն: Վերջերս Հյուսիսային Կորեան եւ Հարավայի Կորեան միմյանց ուղղությամբ կրակ բացեցին: Թվում էր՝ ուր որ է պատերազմ կսկսվի, հազիվ փոխհամաձայնության եկան: Լսե՛ք, սա պետարազմ է, իսկ մենք լռում ենք: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը ելույթ ունեցավ: Հետո՞ ինչ: Երկրի ղեկավարը պետք է խոսի: Նա գերագույն գլխավոր հրամանատարն է: Արտաքին գործերի նախարարը պետք է աշխատի՝ բողոքի նոտա հղելով:
– Հայաստանի համար ի՞նչ վտանգներ կան, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը սկսել են համագործակցել, այդ թվում ռազմական ոլորտում:
– Դա Ռուսաստանի քաղաքականությունն է: Հիմա Ռուսաստանի համար երկու երկիր կա, որի հետ շարունակում է պահպանել բարիդրացիական հարաբերություններ՝ Բելառուսը եւ Կովկասում՝ Հայաստանը: Վրաստանը դեմ է, Ադրբեջանը Թուրքիայի հետ դեմ է: Ադրբեջանը Թբիլիսիով գազատար է տանում: Այդ ամենը Ռուսաստանի դեմ է, իսկ Ռուսաստանը սիրախաղ է անում Ադրբեջանի հետ: Հիմա պատժամիջոցներն են վտանգավոր, Ռուսաստանը փորձում է իր քաղաքականությամբ դուրս գալ այս ամենից, ՌԴ-ն եւս ցանկանում է ապրել եւ իր քաղաքականությունն է վարում: Իսկ մենք պետք է Ռուսաստանի հետ խոսենք հավասարը հավասարի պես: Վախեցած չպետք է խոսենք: Մենք Ռուսաստանի կարիքն ունենք նույնքան, որքան Ռուսաստանը մեր: Ռուսաստանը 100 միլոն պարտքի դիմաց գույքը վերցրեց, գործարաններ վերցրեց: Ռուսները ոչ մի ներդրում չեն անում, գործարանները չեն աշխատում: Դա ի՞նչ է նշանակում, թող հետ վերադարձնի գույքը: Թող չեղարկի պարտքերը: Այդ ինչպե՞ս եղավ, որ Իրաքի 4 մլրդ դոլարի պարտքը չեղարկեց, իսկ մերը՝ ոչ: Ինչու՞ այդպես: Դա ճիշտ չէ, այդ մասին պետք է ասել նախագահին: Խիղճ պետք է ունենալ: Գործարանները որոնք վերցրեցիք, դրանք պետք է աշխատեին, բայց չեն աշատում: Մենք չունենք աշխատատեղեր, ժողովուրդը հեռանում է այսօր երկրից: Էներգահամակարգերը եւս ռուսների ձեռքում են, պետք է ազգայնացնել, վերադարձնել ժողովրդին: Գործել է պետք, աշխատել, այլ ոչ թե պահ մտնել ու լռել: Ոչ ոք ոչինչ չի անում, իսկ ազգաբնակչությունը գնում է: Իսկ դա շատ վտանգավոր է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: