«Արևմուտքի շահերից է բխում այս տարածաշրջանում նոր պատերազմ թույլ չտալը». գերմանացի քաղաքագետ

«Տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների շուրջ համաձայնությունը կարող է որոշիչ դառնալ ԼՂ Հակամարտության հարցում»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած պաշտոնական այցին: Հիշեցնենք, որ այս այցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարն իր հանդիպումների ժամանակ խոսել է ԼՂ հակամարտության մասին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Լավրովը նշել է, թե Մոսկվան լիահույս է` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կգրանցվի։ «Արժևորում եմ Ձեզ հետ հանդիպելու հնարավորությունը՝ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակն ու Ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկելու համար։ Սա այն թեման է, որը մենք փորձում ենք հանգեցնել ընդհանուր հայտարարի՝ Ձեր, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների, ինչպես նաև Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարությամբ։ Հուսով եմ, որ ձեռք կբերվի առաջընթաց«,- ասել է Լավրովը։Իր հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ դիմել են կողմերին՝ կոչ անելով նվազեցնել լարվածությունը և խստապես պահպանել հրադադարի ռեժիմը։

«Մենք նաև շարունակում ենք միջոցներ առաջարկել վստահության ամրապնդման ուղղությամբ, որոնք կուժեղացնեն հրադադարի ռեժիմը՝ ստեղծելով բանակցությունների համար ավելի բարենպաստ պայմաններ, որոնք կարող են հանգեցնել կարգավորման»,- ասել է նա։ Ուորլիքի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ-ի «դաշտերում» հանդիպումներ կունենան Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ. «Մենք նախարարների հետ քննարկելու ենք այս տարվա ընթացքում ավելի ուշ նախագահների հաջորդ հանդիպման հնարավորությունը»։
Ալեքսանդր Ռարը նշեց, որ չնայած Արևմուտք-Ռուսաստան առճակատմանը, Արևմուտքն ու Ռուսաստանը Հարավային Կովկասում աշխատում են համատեղ` նոր պատերազմ թույլ չտալու նպատակով:

«Արևմուտքի շահերից է բխում այս տարածաշրջանում նոր պատերազմ թույլ չտալը, իսկ Ռուսաստանի շահերից ` Հայաստանի և Ադրբեջանի հետ չվիճելը: Այսինքն` ունենալով տարբեր շահեր, վերջնարդյունքի հարցում ՌԴ-ն ու ԱՄՆ-ն համաձայն են և գործում են կոնսոլիդացված»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Ռարը` շարունակելով, որ տարաձայնություններն առնչվում են հակամարտության կարգավորման սկզբունքներին, կարգավորման սցենարին, քանի որ և՛ հակամարտության կողմերը, և՛ միջնորդները կարգավորման տարբեր ուղիներ են պատկերացնում:

Գերմանացի քաղաքագետի համոզմամբ` ներկայիս ստատուս քվոն ձեռնտու է փաստորեն բոլոր կողմերին, այդ թվում Հայաստանին, քանի որ այս պահին Հայաստանը շահած կողմն է:

Ըստ Ալեքսանդր Ռարի, առաջիկայում կշարունակվեն բանակցությունները՝ լարվածությունը հակամարտության գոտում նվազեցնելու նպատակով, սակայն բեկում տեղի չի ունենա, հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը, խնդիրների բազմությունը: Սակայն, ըստ նրա, հակամարտությունը կմոտենա կարգավորմանը, եթե կարգավորման միջազգային իրավական սկզբունքների շուրջ կոնսենսուս ձևավորվի: Այդ սկզբունքներն են, քաղաքագետի խոսքով, տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: «Հատկապես Ղրիմի շուրջ ծավալված իրադարձություններից հետո այս սկզբունքների կարևորության շուրջ տեսակետների բախումը շատ ավելի սուր ու կտրուկ է դարձել, այնպես որ համաձայնությունը այս հակամարտությունում սկզբունքների շուրջ մոտ չէ»,- ասաց Ռարը:

Տեսանյութեր

Լրահոս