Հայաստանը պատրաստվում է դառնալ ԻՆՍԱՐԱԳ-ի անդամ
Սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան` ժամը 07.50-ին արտակարգ խորհրդակցություն է հրավիրվել ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ: Մեկնարկում է հայկական քաղաքային որոնողափրկարարական ջոկատի ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) ՄԱԿ-ի որակավորման վարժանքը, որը հնարավորություն կտա Հայաստանին ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ փրկարարական ջոկատներ, ինչպես նաև՝ դառնալ ԻՆՍԱՐԱԳ-ի 33-րդ անդամը: Խորհրդակցությանը նախարար Ա. Երիցյանին ներկայացվեց «տուժած» երկրում ստեղծված իրավիճակը:
Խորհրդակցության ընթացքում օպերատիվ իրավիճակի զեկույցով հանդես եկավ ՀՀ ՏԿԱԻՆ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, Հայաստանի ԻՆՍԱՐԱԳ-ի քաղաքական պատասխանատու Հ. Եմիշյանը: Վերջինս նաև ներկայացրեց իրականացվելիք փրկարարական միջոցառումների նախագիծը:
Սցենարի համաձայն` X երկրում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով մահացել է շուրջ 5500 մարդ, տուժել` 30 հազար: Կան ավերածություններ: Տուժած երկրի կառավարությունը դիմել է միջազգային հանրությանը՝ փրկարարական և մարդասիրական օգնության համար: Կայացվել է որոշում հայկական փրկարարական ջոկատի մեկնելու վերաբերյալ:
Ըստ ՄԱԿ-ի անվտանգության դասակարգչի X երկրում առկա քաղաքական իրավիճակի կայունության մասին տեղեկատվությունը նախարար Երիցյանին զեկուցեց ՀՀ ՏԿԱԻՆ արտաքին կապերի վարչության պետ Մ. Գևորգյանը:
Ամփոփելով խորհրդակցությունը ՏԿԱԻ նախարարը համապատասխան հանձնարարականներ տվեց ուսումնավարժանքում ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին: