Պարտապանի մահվան դեպքում պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու կարգը
Պարտապանի մահվան դեպքում պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում իրենց պահանջները ներկայացնել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը: Հաշվի առնելով ժառանգական իրավունքին վերաբերող հարցերի շուրջ առաջացած հասարակական մեծ հետաքրքրությունը՝ այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Անդրադառնալով ժառանգության ընդունման կարգին ու ժամկետներին՝ Նախարարությունը հայտնում է, որ ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի և ըստ կտակի: Այն կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:
Ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի, իսկ ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Դրա բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում՝ այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում: ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է: Ի դեպ, Երևանում մինչև մահը բնակվող անձանց ժառանգները կարող են գրավոր դիմել և ժառանգության իրավունքի վկայագրեր ստանալ ժառանգության բացման վայրի՝ Երևան քաղաքի ցանկացած նոտարական տարածքի նոտարների կողմից։
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն