Ճարտարապետին մտահոգում է ոչ այնքան ՄՀՀ-ի վաճառքը, որքան կառուցվելիք ահռելի համալիրը
Այսօր «Բլից ինֆո» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց օրեր առաջ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի օտարման և այնտեղ ընտանեկան ուղղվածության կենտրոն ստեղծելու՝ ՀՀ կառավարության որոշմանը: Ասուլիսի հյուրերն էին Մարզամշակութային համալիրի համահեղինակներ Գուրգեն Մուշեղյանը եւ Սաշուր Քալաշյանը:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ասաց, որ կառավարության որոշման նախագծի միայն տեքստին է ծանոթ, բայց իրենք դեռ ստույգ տեղեկություն չունեն ՝այդպիսի որոշում ընդունվե՞լ է, թե՞ ոչ. «Բոլոր դեպքերում՝ ընդունվել է այն արդեն, թե ոչ, այսպիսի որոշում ներկայացնողը արդեն իսկ բազմաթիվ սխալներ է թույլ տվել՝ շրջանցելով մի շարք օրենսդրական պահանջներ, որի առկայության պայմաններում կառավարությունը չէր կարող նման որոշում ընդունել: Խնդիրը հետևյալում է. ամբողջ Ծիծեռնակաբերդի տարածքը համարվում է հանրային հսկողության տարածք: Շինությունը սեփականություն է և արգելք չկա այն վաճառելու կամ վերավաճառելու: Հարցն այս պարագայում ոչ թե բուն շենքի՝ Մարզահամերգային համալիրի վաճառքի խնդիրն է, այլ որոշման նախագծի հետ կապված ողջ ցասումը կայանում է նրանում, որ թույլ է տրվում շենքի հարակից տարածքում կառուցել մի ահռելի համալիր, որն իր զանգվածով մարզահամերգային համալիրին գուցե հավասարազոր է, որի համար քաղաքապետարանն, ըստ այս նախագծի, հավանություն է տվել՝ 3.5 հեկտար հող տրամադրել այդ նպատակի համար»:
Ճարտարապետի մտահոգությունը պայմանավորված է նաև բոլորի կողմից դեռևս անհայտ ներդրողի հանգամանքով: Նա կարծում է, որ կառույցի նոր սեփականատերը պետք է ներկա լիներ այս քննարկմանը և կիսվեր հանրության հետ իր պատկերացումներով, թե ի՞նչ է նա պատրստվում այնել հանրային տարածք հանդսացող այս հողատարածքում:
Բացի այդ, ըստ Սաշուր Քալաշյանի Ծիծեռնակաբերդի համալիրին հարող տարածքը համազգային, համապետական նշանակություն ունի և հատկապես Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նման տեղում նման նախաձեռնություն անելն առնվազն անհասկանալի երևույթ կարելի է դիտարկել. «Մենք արդեն բազմիցս բողոքել ենք, որ այդ համալիրին հարող տարածքում որևէ խրախճանքի կենտրոններ չլինեն, չնայած, որ այս պահին էլ այնտեղ գործող երկու ապօրինի ռեստորանային կառույցներ կան, որոնց սեփականատերերը նույնպես անհայտ են մնում: Տպավորություն է, որ պատկան մարմինները ուժ չունեն այդ հարցն ինչպես հարկն է լուծելու: Մինչդեռ թանգարանի աշխատակիցները նույնպես բողոքում են, որ երեկոյան ժամերին այնտեղ տարածվող խորովածի հոտերն ու հարսանյաց հանդեսների զվարթ տրամադրությունները բոլորովին կապ չունեն այդ տարածքի նշանակության հետ», -նշեց ճարտարապետը:
Ճարտարապետը նկատեց, որ տպավորություն է, թե 100-ամյա տարելիցի հետ կապված մեր նշանաբանը՝ «Հիշենք և պահանջենք», սահմանափակվում է միայն հատուցման պահանջի գումարով, որով պարտավորվուն են փոխհատուցել մեզ և վերջ:
Հանդիպման մյուս բանախոսը՝ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը, նկատեց, որ ժամանակին, երբ կառուցվում էր Եղեռնի հուշահամալիրը, Մարզահամերգային համալիրն այդ տարածքում կառուցելը հատուկ նշանակություն և խորհուրդ ուներ՝ որպես վերածննդի խորհրդանիշ. «Հիմա երբ նախատեսում են այդ տարածքում զվարճանքի կենտրոն, կազինո, հյուրանոց կամ ջրաշխարհ կառուցել, ինչ նպատակ են հետապնդում այն մարդիկ, ովքեր նման նախագծի առաջարկ են ներկայացրել Կառավարությանը»:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշեց, որ այս հարցի պարզաբանման համար դիմել է նաև Մշակույթի նախարարություն, որտեղից նրան պատասխանել են, որ իրենք առհասարակ տեղյակ չեն գործարքի կատարման մանրամասների մասին:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը օգոստոսի 13-ի նիստի ժամանակ որոշում է կայացրել Պաշտպանության նախարարության հաշվեկռշում գտնվող և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել «ՆՏԱԱ Իինվեստմենտ Գրուպ» ՍՊԸ–ին։ Գույքը վաճառվել է ընդամենը 20 օր առաջ ստեղծված կազմակերպությանը՝ 30 մլն. ԱՄՆ դոլարի դիմաց: