Դնեպրոպետրովսկում պղծել են Մայդանի հայ ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի գերեզմանը
Անհայտ անձինք Դնեպրոպետրովսկի մարզում պղծել են Մայդանի 20-ամյա հայ ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի գերեզմանը՝ գողանալով տնկված ծառերը, հայտնում է LifeNews-ը՝ հղում կատարելով տեղի իրավապահներին:
Իրավապահների խոսքով՝ բարբարոսության մասին լուրը իրենց հաղորդել են Նիգոյանի հարազատները: Իրավապահները պարզել են, որ չարագործները գողացել են 7 եղևնի:
Կատարվում են որոնողական աշխատանքներ վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ:
Սերգեյ Նիգոյանը ծնվել և ապրում էր Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Սոլոնյանսկի շրջանում։ Նիգոյանի ծնողները Ուկրաինա էին տեղափոխվել Հայաստանից 1992 թվականին։
Սերգեյ Նիգոյանը հրազենային վնասվածքի հետևանքով զոհվել է 2014թ. տարվա հունվարի 22-ին Կիևի Գրուշևյան փողոցում ցուցարարների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախման ժամանակ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի № 890/2014 հրամանով (21.11.2014 թ.) մայդանյան իրադարձությունների ժամանակ զոհված 100 հոգու, այդ թվում՝ Նիգոյանին, հետմահու տրվել է Ուկրաինայի հերոսի կոչում: