Թուրքիային չի հաջողվել ստեղծել կոալիցիոն կառավարություն
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունն (ԺՀԿ) ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ: Այս մասին հայտնում է TRT Haber-ը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ նման որոշում կայացվել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ու Քեմալ Քըլըչդարօղլուի հանդիպումից հետո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունն առաջ է քաշել պայմաններ ԱԶԿ-ի հետ կոալիցիոն կառավարության ստեղծման վերաբերյալ:
Ընդդիմության պահանջներից մեկն այն է, որ ԺՀԿ-ի պատգամավորներից պետք է նշանակվեն երկրի կրթության ու գիտության նախարարն ու արտգործնախարարը:
Օգոստոսի 3-ին տեղի էր ունեցել ԱԶԿ-ի ու ԺՀԿ-ի միջև բանակցությունների եզրափակիչ փուլը կոալիցիոն կառավարության ձևավորման հարցի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հունիսին Թուրքիայում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցել էին 20 քաղաքական կուսակցություններ: Քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 53 մլն ընտրող:
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն ստացել էր ընտրողների ձայների 40,9 տոկոսը, ԺՀԿ-ն՝ 25 տոկոս, «Ազգային շարժում» կուսակցությունը՝ 16,3 տոկոս, իսկ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ստացել էր ընտրողների 13,1 տոկոսի ձայնը: