«Երկու օր է՝ նորից ահավոր վիճակ է». Նուռնուսում «Առողջ սունկ» ՍՊԸ-ից տարածվող գարշահոտությունը շարունակվում է
Որոշ ժամանակ առաջ Կոտայքի մարզի Բյուրեղավան (Նուռնուսի հարակից) համայնքի բնակիչները մեր խմբագրություն էին ահազանգել՝ բողոքելով «Առողջ սունկ» ՍՊԸ գործունեությունից տարածքում շարունակ տարածվող տհաճ հոտից:
Բնակիչներն արդարացիորեն բողոքում էին տհաճ իրավիճակից, որի մասին բազմիցս ահազանգել են պատկան մարմիններին, սակայն մինչ օրս խնդրին վերջնականապես լուծում չի տրվել: Բյուրեղավանի այդ հատվածը բնակիչները և անցորդները գարշելի հոտի պատճառով սկսել են կոչել «հոտավան»: Բնակիչների բողոքի մասին հրապարակումից հետո մեզ հետ կապ էր հաստատել նաև «Առողջ սունկ» ՍՊԸ տնօրեն Սուրեն Դավթյանը, ով ասել էր, որ կազմվել է համապատասխան հանձնաժողով, որը կպարզի հոտի առաջացման իրական աղբյուրը: Այս ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ էր այցելել այդ արտադրամաս: Վ
արչապետին ուղեկցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության ներկայացուցիչները և այլք:
Վարչապետն ասել էր. «Եթե ֆիլտրերի տեղադրումն էլ չնպաստի տհաճ հոտի վերացմանը, ապա այլընտրանք չունենք՝ արտադրամասը կփակվի: Մեր քաղաքացիների առողջությունն ավելի թանկ է մեզ համար»:
Նուռնուսի բնակիչ Գագիկ Հովակիմյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը և մի քանի այլ բնակիչներ մարզպետարանի կազմած հանձնաժովողի անդամ են, բայց որևէ բան հանձնաժողովի կազմվելուց հետո չի փոխվել. «Երկու օր է՝ նորից ահավոր վիճակ է. երեկոյան ժամը 17:00-ից սկսվում է, մինչև գիշերվա 2-3-ը շարունակվում գարշահոտությունը: Մենք զանգել ենք մարզպետարանի կազմած հանձնաժողովի նախագահին և զգուշացրել, որ հոտը սարսափելի գալիս է (փաստորեն, եթե հոտը գալիս է, ուրեմն արտանետումներ կան), նա պատասխանեց, որ ընթացքում պետք է փոփոխություններն արվեն:
Երբ վնասակար նյութերի քանակը չափող սարքեր տեղադրեցին, մեկ շաբաթ շատ լավ էր, հոտ ընդհանրապես չկար, հենց դրանք տարան, հոտը նորից սկսվեց: Դրանք տարան, որ ստուգեն ազոտի միացումների, ամոնիակի քանակը:
Վարչապետն էլ երբ եկավ, այնպիսի տպավորություն էր, որ չեն աշխատում, հոտ չկար: Հենց այդ շաբաթն էր: Վարչապետն ասաց, որ, եթե այսպես շարունակվի, պետք է կամ փակվի, կամ տեղափոխվի այդ արտադրամասը: Իրենք ասում են, որ պետք է աշխատեն, ընթացքում նոր կարգի բերեն: Այսինքն՝ մեզ էլի թունավորեն, որ ընթացքում իրենց հարցերը լուծեն: Նշածս չափիչ սարքերը հենց Բնապահպանության նախարարությունն էր տեղադրել: Մի շաբաթ դրեցին, հոտ չկար, մենք հանձնաժողովով բարձրացել նայել ենք, այնպիսի տպավորություն էր, որ իրենք իմիտացիա են արել ու մի շաբաթ չեն աշխատել, որովհետև աշխատողներն ասում էին, որ մի շաբաթ թռչնաղբ չեն բերել»:
Բնակիչը նշեց, որ պատրաստվում են նամակ գրել վարչապետին, որ գոնե 1000 մետր հեռավորության վրա լինի արտադրամասը. «Տեսնենք՝ ինչ կպատասխանի մեզ, որովհետև քաղաքաշինության նորմերով՝ 1000 մետր բնակելի տարածությունից հեռու պետք է լինի արտադրամասը, իսկ սա 20-30 մետր է հեռու»: